Եվրամիությունը սկսել է աշխատել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ նախկին մասնակիցների նկատմամբ վիզային սահմանափակումների գործնական կիրառման ուղղությամբ։ Այդ մասին սեպտեմբերի 29-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Ճեպազրույցը նվիրված է եղել ԵՄ ներքին գործերի խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Լյուքսեմբուրգում կայանալիք նիստին, հայտնում է Deutsche Welle-ն:
Նրա խոսքով՝ այդ սահմանափակումների իրավական հիմքն ամրագրվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 21-րդ փաթեթում, սակայն բանակցությունների ընթացքում Եվրամիության երկրները եկել են եզրակացության, որ արգելքի կիրառման մեխանիզմը լրացուցիչ մշակման կարիք ունի։
DW-ի տեղեկություններով՝ Եվրահանձնաժողովը պետք է առաջարկություններ պատրաստի, թե ինչպես կիրառել այդ սահմանափակումները։ Մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ սահմանափակումները դիտարկվել են ԵՄ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում, որի վերաբերյալ որոշումներն ընդունվում են միաձայն։
Միաժամանակ Եվրամիությունում քննարկվել են Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային և կարճաժամկետ վիզաների տրամադրման ավելի լայն սահմանափակումներ։ Սա առանձին նախաձեռնություն է և անմիջականորեն կապված չէ մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ նախատեսված պատժամիջոցների մեխանիզմի հետ։
Ինչպես հայտնի է դարձել DW-ին, Եվրամիությունում քննարկվում է օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն կտա սահմանափակել վիզաների տրամադրումը դիմորդների ամբողջական խմբերի համար, օրինակ՝ որոշակի երկրի քաղաքացիների կամ ոչ պարտադիր ուղևորություններ կատարող անձանց։ ԵՄ գործող Վիզային օրենսգրքի համաձայն՝ յուրաքանչյուր դիմում, որպես կանոն, պետք է դիտարկվի անհատապես։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովը Վիզային օրենսգրքի վերանայման առաջարկը կներկայացնի 2027 թվականի սկզբին։ Առաջարկը պետք է համաձայնեցնեն Եվրոպական խորհրդարանն ու ԵՄ խորհուրդը, ընդ որում՝ խորհրդում որոշումն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ։
Նախատեսվել է, որ նման իրավական հիմքի ստեղծումից հետո Եվրամիությունը հնարավորություն կունենա առանձին որոշումներ ընդունել դիմորդների որոշակի խմբերի, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ ռուսաստանցիների համար վիզային սահմանափակումների հարցն ավելի նկատելի տեղ է զբաղեցրել եվրոպական օրակարգում և կարող է բարձրացվել հոկտեմբերի 1-ին ԵՄ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
Քննարկվել են նաև Շենգենյան գոտու ներսում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժի լրացուցիչ սահմանափակումները։ 2025 թվականի հոկտեմբերից իր հավատարմագրման երկրից ԵՄ մեկ այլ երկիր մեկնող ռուսաստանցի դիվանագետը պարտավոր է նախապես տեղեկացնել նպատակակետ երկրին։ Վերջինս կարող է նաև նախնական մուտքի թույլտվություն պահանջել, եթե դիվանագետն օգտվում է ԵՄ մեկ այլ պետության տրամադրած վիզայից կամ կացության թույլտվությունից։ ԵՄ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ներկայում ինչ լրացուցիչ միջոցներ են առաջարկվում։