Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանն իր պայմանները փոխանցել է Միացյալ Նահանգներին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում որոշում կայացնել, գրում է Mehr գործակալությունը։

«Թրամփը հայտնվել է մի փակուղային իրավիճակում, որտեղ ո՛չ կարողանում է բանակցել, ո՛չ էլ պատերազմել։ Իրանի պայմանները փոխանցվել են Միացյալ Նահանգներին, սակայն Թրամփը չի կարողանում որոշում կայացնել, և ԱՄՆ-ն, հուսահատությունից դրդված, ռազմական գործողությունների շրջանակում դիմել է օդային շրջափակման»,- հավելել է նա։

Ռեզային նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը «հակասում է միջազգային բոլոր օրենքներին»։ Նա նաև պնդել է, թե Իրանը «հզոր կերպով պաշտպանել է իրեն»՝ նկատի ունենալով պատերազմի մեկնարկից ի վեր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտների դեմ իրանական զինված ուժերի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարյուրավոր գործողությունները։

Ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում Ռեզային նաև նշել է, որ պատմության ընթացքում օտարերկրյա ուժերը եկել ու հեռացել են, մինչդեռ Իրանը և տարածաշրջանի երկրները մնացել են։ Նա ասել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղության հաստատմանը, միաժամանակ, հավելել՝ Միացյալ Նահանգները տարածաշրջանում ապագա չունի։

«Իրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղության հաստատմանը, սակայն Ամերիկան տարածաշրջանում ապագա չունի, և Իրանն ուժով կանգնած է դրա դեմ»,- ասել է Ռեզային։

Իր հերթին, Մուստաֆաևն Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բնութագրել է որպես «բարեկամական և եղբայրական»։ Նա նաև հերքել է տեղեկությունները, որ Ադրբեջանը թույլ է տվել իր տարածքն օգտագործել Իրանի դեմ։

Մուստաֆաևը հանդիպել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ Ընդգծվել է, որ տարածաշրջանում համատեղ նախագծերի հաջող շարունակական իրականացումը նշանակալի ներդրում կունենա երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի զարգացման գործում։ Նշվել է նաև, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև ավտոմոբիլային, օդային և երկաթուղային երթուղիների ընդլայնումը հիմք են ստեղծում Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության ամրապնդման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment