Հոկտեմբերի 5–ից կմեկնարկեն Նորագավթի խոշոր տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Բաժանորդագրվել

Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Երևանի հարավային մուտքի՝ Նորագավթի խոշոր տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքային իշխանությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ նախատեսվում է կառուցել 28 և 22 մ երկարությամբ երկու թռիչքանի ուղեանց, շուրջ 272 մետր երկարությամբ ճանապարհային էստակադա և շուրջ 450 մետր ճանապարհ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 506.7 մլն դրամ է։

«Աշխատանքների ընթացքում Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։

Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում քաղաքապետարանը հորդորում է օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից, լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։

Leave a comment