Կարծում էի՝ կմեռնեմ. Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ տղան մանրամասներ է պատմել

Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը պղպեղի գազով հարձակման ենթարկված 9-ամյա հայ քրիստոնյա Վիլյամը պատմել է տեղի ունեցածի մանրամասները, հայտնում է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Լրագրող Յոսի Էլիին տված հարցազրույցում Վիլյամը պատմել է իր ապրած ցնցման մասին։

«Ես կարծում էի, որ մահանալու եմ»,- ասել է նա։

Ստացած հոգեբանական ցնցման պատճառով երեխան նույնիսկ տանը պաշտպանիչ սաղավարտ է կրում։

Երիտասարդներից մեկը լսելով, որ տղան անգլերեն է խոսում, նրա դեմքին պղպեղային գազ էր ցողել։ Մինչ այդ, ինչպես լսվում է հրապարակված տեսագրությունում, հնչել էր «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» արտահայտությունը։

Ոստիկանությունն սկզբում փակել էր գործը, սակայն լրատվամիջոցների բարձրացրած ահազանգից և հանրային բողոքի ալիքից հետո քննությունը վերաբացվել էր, կասկածյալը՝ ձերբակալվել։

Երուսաղեմի Հին քաղաքում է գտնվում պատմական Հայկական թաղամասը։ Վերջին տարիներին վեճ է ընթանում թաղամասի տարածքի մի մասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ։ Հայ համայնքի ներկայացուցիչները դեմ են այդ տարածքում կառուցապատման նախագծի իրականացմանը։ Նախագիծը կապում են Xana Gardens ընկերության և իսրայելա-ավստրալացի գործարարի հետ։

2025 թվականի հուլիսին իսրայելցի իրավապաշտպանները հայտնել էին հայերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թվի աճի մասին։

Օգոստոսին 6 իսրայելցի էր ձերբակալվել՝ Սուրբ Հակոբ վանքի մուտքի վրա հարձակումից հետո։ Նույն ամսվա վերջին ևս 4 մարդ էր ձերբակալվել՝ Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անցորդ աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքում վանքի մուտքի ուղղությամբ։

Armenia Today

Leave a comment