Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։

Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և, մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարացնելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ կալանքների ժամկետների երկարաձգմանը զուգահեռ նախաքննական մարմինը գնում է նոր քննչական և դատավարական գործողությունների, ինչը, մեղմ ասած, հարցեր և կասկածներ է առաջացնում։

Օրինակ՝ օգոստոսի 4-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Առինջ մոլ» ընկերության տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։

Ալիկ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին տնային կալանքը, 50 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Սամվել Հակոբյանը կալանավորվել էր։

Եվ ահա, երբ մոտենում են այս վարույթով կալանավորված անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտները, նախաքննական մարմինը նոր գործողությունների է դիմում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները մտել են մոտ մեկ ամիս տնային կալանքի տակ գտնվող «Առինջ մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի տուն, խուզարկություն իրականացրել, որից հետո նրան տարել են կալանքի։

Միաժամանակ երկարաձգվել է նաև Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքի ժամկետը։

Այսպիսով՝ մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթների շրջանակում իրավապահները կրկին ակտիվ փուլ են մտել․ մի կողմից մոտենում են արդեն կալանավորված անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտները, մյուս կողմից իրականացվում են նոր գործողություններ, իսկ կալանքների երկարաձգման գործընթացը շարունակվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս քրեական վարույթների քաղաքական ենթատեքստին։ Գագիկ Ծառուկյանի և նրա շրջապատի նկատմամբ սկսված գործընթացները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունների հետևանք են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment