Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ կին վարչապետ ունի

Բաժանորդագրվել

Թագավորը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ֆաթիմա Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի վարչապետ։ Որոշումը կայացրել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը։

Միապետը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել, այս մասին ասվում է թագավորական պալատի և արարողակարգի նախարարության հայտարարության մեջ։

Մանսուրին վարչապետի պաշտոնում փոխարինել է գործարար Ազիզ Ախաննուշին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։

Իրավաբան և քաղաքական գործիչ Մանսուրին ծնվել է Մարաքեշում 1976 թվականին։ Նախկինում զբաղեցրել է Մարաքեշի քաղաքապետի պաշտոնը։ 2021 թվականից Ազիզ Ախաննուշի կառավարությունում գլխավորել է ազգային տարածքային պլանավորման, քաղաքաշինության և բնակարանային քաղաքականության նախարարությունը։ 2024 թվականին նա դարձել է «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցության (Մարոկկոյի առաջատար քաղաքական ուժերից մեկի) գլխավոր քարտուղարության ղեկավարման համակարգող։

Սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 395 տեղերից 97-ը՝ առաջ անցնելով «Անկախների ազգային միավորում» (66 մանդատ) և «Անկախություն» (65 մանդատ) կուսակցություններից։ Մարոկկոյի Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից։

Leave a comment