«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ որպես վարչապետի թեկնածու նախատեսում է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանին։
«Ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին հանդես կգանք օրենսդրական փոփոխության որոշմամբ, որ թույլ տանք միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ ՀՀ վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նախ պետք է նշել, որ Սամվել Կարապետյանը կարող է և չլինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը խորհրդարանական ընտրություններին, այլ դրանից հետո նրա թեկնածությունը կարող են առաջադրել վարչապետի պաշտոնին։ Կուսակցությունն ուզում է փոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։
Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն՝ 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։ Սա նշանակում է, որ մեկ քաղաքական ուժը, եթե չունի բացարձակ մեծամասնություն (2/3), չի կարող միայնակ իրականացնել այդ փոփոխությունը և ստիպված կլինի համագործակցել այլ խմբակցությունների հետ։
Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, որ վարչապետի թեկնածուն պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները: Այդ պահանջներն ամրագրված են 48-րդ հոդվածում և սահմանում են, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Տվյալ դեպքում, ըստ ամենայնի, նպատակ է դրվում լրացում կատարել 148-րդ հոդվածում՝ ամրագրելով, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի ՀՀ քաղաքացի:
Այդուհանդերձ, անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու պայմաններում կուսակցությունը անմիջապես չի կարող Կարապետյանին վարչապետ նշանակել։
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը տևում է շաբաթներ, իրավական առումով անհնար է առաջին նիստի օրը փոխել Սահմանադրությունը և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անցկացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հոդված 33)։ Այն հստակ սահմանում է նորընտիր խորհրդարանի գործողությունների հաջորդականությունը։ Մասնավորապես, նիստի ընթացքում ելույթ են ունենում Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո պատգամավորները երդվում են և ստորագրում երդման տեքստը։
Այնուհետև նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, որը ներառում է ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրությունը, մշտական հանձնաժողովների ստեղծումը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հաջորդ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ։
Գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս առաջին նիստի ընթացքում անմիջապես ընդունել Սահմանադրության փոփոխության նախագիծ։ Համաձայն Սահմանադրության՝ նախ պետք է ձևավորվի կառավարություն, իսկ սահմանադրական փոփոխությունները պահանջում են հատուկ ընթացակարգեր։
Թեև Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից, սակայն, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (հոդված 72), նախագիծը պետք է նախապես ստանա Սահմանադրական դատարանի եզրակացությունը։
Օրենքը սահմանում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։
Սահմանադրական դատարանը նախագծի համապատասխանությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին գնահատում է դիմումը մուտքագրելուց հետո տասնհինգօրյա ժամկետում՝ առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության։
Գևորգ Թոսունյան
The post Սամվել Կարապետյանի թեկնածությունը և Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության խնդիրը appeared first on CIVILNET.