«ԵԽԽՎ զեկույցը կարդացել եմ․ այնտեղ աննախադեպ ջախջախիչ քննադատություն Հայաստանի իշխանության հասցեին չեմ տեսել։ Ավելին, տեսել եմ ստանդարտ զեկույց, որի գերակշիռ մասը՝ պետական աշխատողների ներգրավվածության, պետական աշխատողների հանդեպ ճնշումների, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղակի քոփի-փեստ էր արված 2021 թվականի ընտրություններից հետո հրապարակված զեկույցից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը։
ԵԽԽՎ՝ Հայաստանյան ընտրությունները դիտարկած պատվիրակները քննադատել են։ Դա երեկ հրապարակված զեկույցում է արտացոլված։ Իբրև այդ կառույցում մեր պատվիրակության նախկին անդամ՝ հետաքրքրվել էինք Նաիրա Զոհրաբյանից՝ ի՞նչ կարծիք ունի զեկույցի մասին։
Ըստ մեր զրուցակցի՝ երեկ հրապարակված զեկույցում երկու դրվագով նորույթ կա, որտեղ իսկապես դիրքորոշումը հստակ է․ «Մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերաբերող հատվածն է։ Բայց ԵԽԽՎ-ն կոչ չարեց չճանաչել ընտրության արդյունքը կամ չեղարկել։ Ոչ էլ ոչ լեգիտիմ համարեց, այլ ընդամենը նշել է, որ երկու ընտրական տեղամասում պիտի կազմակերպվեին վերաքվեարկություններ։ Ընդամենը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը օրենսդրությունը կբարեփոխի այնպես, որ այդ խնդիրները իմպերատիվ ձևով կարգավորվեն։ Երկրորդ հատվածը վերաբերում էր Հայ Առաքելական Եկեղեցուն և հոգևորականների ձերբակալություններին։ Բայց դա շատ ավելի հպանցիկ և նուրբ էր շեշտված»։
Այս իմաստով մեր զրուցակիցը շատ կարևոր է համարում քննարկումների ընթացքում մի քանի եվրոպատգամավորների շատ կոնկրետ և շատ կոշտ ելույթները։ Մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբի ղեկավար, բրիտանացի Էդվարդ Լիի զեկույցը, ով հստակ խոսեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության գրոհի մասին և հստակ ձևակերպեց․ Հայ Առաքելական Եկեղեցին, որն աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է, բռնաճնշումների է ենթարկվում ոչ թե ինչ-որ արտաքին զավթիչների, այլ սեփական կառավարության կողմից, և կոչ արեց Եվրոպայի խորհրդին պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին։
«Հայ Առաքելական Եկեղեցու մասով մի քանի ելույթներ իրապես մեծագույն հարգանքի էին արժանի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով․ «Շատ հատկանշական էր, երբ ՔՊ ներկայացուցիչ երկար մազերով մի տիկին, որի ոչ անունը գիտեմ, որին առաջին անգամ էի տեսնում և հուսամ՝ երկրորդ անգամ էլ չեմ տեսնի (աչքիս չի ընկնի), և անունն էլ չեմ ցանկանում իմանալ, ուղղակի ամոթալի ելույթ ունեցավ Վեհափառի եղբոր հասցեին, Վեհափառի և ՀԱԵ դեմ․․․ ուղղակի աննախադեպ, այդպիսի բան շատ քիչ է եղել ԵԽԽՎ-ում։ Եթե իրենց թվում է՝ այդ կարգի ելույթները ողջունվում են, այդ կարգի ոչ գրագետ ձևակերպումները՝ «միջազգային գործակալ»․․․ Կարևոր էր, որ ԵԽԽՎ նիստը վարող տիկինն ուղղակի ընդհատեց ՔՊ-ական սույն երկարամազ մադամին և թույլ չտվեց, որ շարունակի»։
Հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմադիր դաշտում երեկվանից ուրախացել, որ եվրոպացիները քննադատել են ՀՀ իշխանություններին, այն դեպքում, երբ, չնայած եվրոպացի խորհրդարանականների քննադատություններին (թեկուզև սուր), ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչները «շոյում» են մեր իշխանավորների գլուխները՝ «իրենց խելոք ծառայելու» համար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Զեկույցը ոչ մի ջախջախիչ քննադատություն չէր իշխանության հասցեին։ Իմ վստահ համոզմամբ՝ նորից ամրագրվեց, որ ընտրությունները կայացել են, ընտրված խորհրդարանը լեգիտիմ է, իշխանությունը լեգիտիմ է։ Զեկույցում մի մեծ հատված նվիրված էր Մոսկվայի ազդեցությանը, և թե ինչպես հնարավոր եղավ ընտրական փուլում, քարոզչական փուլում այդ ազդեցությունը չեզոքացնել և այլն։ Եթե զեկույցը լիներ ջախջախիչ, ապոկալիպտիկ, ինչպես փորձ են անում ներկայացնել մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, ապա Եվրոպայի խորհուրդը չէր ճանաչի այդ ընտրության արդյունքները, և դա կարտացոլվեր զեկույցում։ Բայց այդ զեկույցի հանրագումարում հստակ նշված է․ ողջունելի է, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա ուղղությունը դեպի Եվրոպա է, իշխանությունն անցկացրել է ընտրություններ, որոնք լեգիտիմ են, որոնց արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է այդտեղ ջախջախիչ քննադատություն»։
Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ, իսկ նման կարգավիճակում գտնվող պետությունների համար տվյալ զեկույցը, մեր զրուցակցի պնդմամբ, ստանդարտ զեկույց է․ զեկույցում կա որոշակի քննադատություն, և կա իշխանությանը հերթական անգամ շատ մեծ աջակցություն, ինչն էլ ընդդիմությունը ներկայացնում է որպես իր հաղթանակ։
Թե ի՞նչ քաղաքական հետևանք կարող է ունենալ ԵԽԽՎ զեկույցը, Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ նման զեկույցները սովորաբար ոչինչ չեն տալիս․ «Հետընտրական զեկույցներ են, որոնք մոնիտորինգի տակ գտնվող բոլոր երկրների վերաբերյալ հրապարակվում են։ Մենք պիտի շարունակենք աշխատել, անկախ նրանից, որ Եվրոպան շարունակում է սատարել այս իշխանությանը, որովհետև Ռուսաստանի դեմ կռվում այս իշխանությունը կատարյալ գործիք է։ Պիտի շարունակենք աշխատել բոլոր միջազգային կառույցների հետ։ Կարևոր է, որ մի քանի հիմնարար արձանագրումներ ԵԽ-ն արել է, բայց դա ներկայացնել աննախադեպ հաղթանակ, թե ԵԽԽՎ-ն ջախջախեց Հայաստանի իշխանություններին, իհարկե, հասկանում ենք, որ այդպես չէ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: