«Եթե Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) թողարկել է հաղորդումը, կա ծրագրերի ղեկավար, և ծրագրերը նախապես են կազմվում, ապա այդ ամենի համար պատասխանատուն պետք է ամենակոշտ պատասխանատվության ենթարկվի։ Ոչ թե միայն աշխատանքից ազատվի, այլ կոնկրետ պատասխանատվություն կրի։ Այս երկիրը հո որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզում է՝ անի։ Կարգ ու կանոն է պետք»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի վեցերորդ տարելիցի օրը, իշխանության կողմից որևէ արձագանքի չլինելուն, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությամբ Թաթայի համերգի հեռարձակմանը։
Անդրադառնալով հունվարի 27-ը բոլոր պատերազմների զոհերի հիշատակի օր ընտրելուն՝ հերոսի հայրն ասաց.
«Հունվարի 27-ին հարգելու են բոլոր ժամանակների հերոսներին։ Ունենք 44-օրյա պատերազմ, ունենք առաջին պատերազմ։ Կա՞ հիշատակի օր։ Ես՝ որպես Ալբերտի ծնող, կողմ կլինեի սեպտեմբերի 27-ին, բայց պետք է հաշվի առնենք նաև մյուս պատերազմներում անմահացած հերոսների ծնողների կարծիքը։ Չգիտեմ՝ որ օրն է հիշատակի օր: Մի տարանջատեք 44-օրյա պատերազմի սեպտեմբերի 27-ը։ Ցանկացած օր կարող ենք մեջբերել։ Օրերը քննարկվում են կառավարությունում, դա մեր քննարկելու հարցը չէ»։
Անդրադառնալով քաղաքային իշխանության կողմից Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջելուն՝ նրա հայրը նշեց, որ տարածքում իսկապես վերանորոգման աշխատանքներ են իրականացվում. «Իրականում վերանորոգում է գնում։ Երեկ եմ ճշտել, շրջայց եմ կատարել, ուսումնասիրել և բավարարվել եմ նրանով, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Իսկ նկարի ջնջումը ոչ մի կերպ չեմ ընդունում։ Եթե կա համապատասխան որոշում, որ տարածքը պետք է վերանորոգվի, նկարի հարցը պետք է առանձին քննարկվեր՝ նորի՞ց ենք նկարում, թե՞ փակում ենք, վերանորոգում ենք։ Այդ հարցերի մասին ես տեղյակ չեմ եղել, մամուլից եմ իմացել։
Շատ բուռն եմ արձագանքել։ Հիմա արդեն պարզաբանում կա։ Խոսել եմ քաղաքապետարանի խոսնակի հետ, քննարկել ենք։ Ի ուրախություն բոլորի՝ կառուցողական խոսակցություն ենք ունեցել, և դրական պատկեր կա։ Շուտով ավելի հստակ բաներ կունենանք։ Հիմա քննարկվում է, թե ինչ կերպ են արժևորելու հերոսներին, և այդ նկարի փոխարեն ինչ է լինելու՝ քանդակ, թե՞ ավելի մեծ նկար»։
Իսկ բարեկարգման ավարտը, ըստ Արտակ Հովհաննիսյանի, պետք է լինի հոկտեմբերի 15-ին։ Որդու հիշատակի վայրն էլ Արտակ Հովհաննիսյանը տեսնում է Հաղթանակի զբոսայգին. «Տեղի հետ կապված՝ միանշանակ լինելու է «Հաղթանակի» զբոսայգում, քանի որ ոչ իմ ցանկությամբ է ինքը հերոսացել։ Ուրիշ տեղ չեմ գտնում նպատակահարմար, որ լինի»։
Անդրադառնալով մյուս հերոսների նկարների հեռացմանը՝ նա ասաց, որ պարտավոր են ՀՀ քաղաքացիները տարածքը կոկիկ պահել։
«Ես չեմ ողջունում նկար ջնջելը, բայց այն հանգամանքը, որ պետք է լինի մի տեղ պատկեր, ու դա աղտոտվի, դա էլ մեր հասարակությունն է անում։ Պուրակ է կառուցվում, կա ծրագիր, որ այդ պուրակում արժևորեն բոլոր հերոս տղերքին, սպասենք, տեսնենք…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: