Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն անդրադարձ կատարելով ոռոգման, ջրամատակարարման, ճանապարհաշինության, ինչպես նաև կրթության ոլորտներում ձևավորված ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին։
Առանձնահատուկ ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։
Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ առևտրում առկա դինամիկան՝ անդրադառնալով նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խորացման կարևորությանը։
ՀՀ կառավարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: