Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ուղիղ եթերում հայտնել է, որ ձերբակալված հրապարակախոս Վահրամ Սահակյանին տեղափոխել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու:
Մելիքյանի խոսքով՝ ձերբակալությունը կապված է մոտ մեկուկես տարի առաջ Վահրամ Սահակյանի՝ Facebook-ում կատարած գրառման հետ։
«Վահրամը զանգահարել է ինձ, տեղեկացրել, որ ձերբակալվել է, և հայտնել՝ ինչի համար է ձերբակալվել։ Ցանկություն է հայտնել, որ պաշտպանությունը ես ստանձնեմ։ Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չէի քննչական գնալու։ Տեղեկացնեմ, որ Վահրամին արդեն ներկայացրել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար»,- ասել է Մելիքյանը։
Նա հայտնել է, որ ավելի ուշ կտեղեկացնի, թե Վահրամ Սահակյանի նկատմամբ ինչ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ է քննչական մարմինը դիմել դատարան։
«Հույս ունեմ, որ խափանման միջոցի միջնորդությունը ազատության հետ կապված չէ, և հիմքեր ունեմ այդպես հուսալու»,- ասել է Մելիքյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ այս պահին ունեցած տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, քննչական մարմինը դատարան է ներկայացրել վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն։
«Դատարանում արդեն կմիանանք։ Ես էլ կմիանամ, ևս հինգ իրավապաշտպան տղաներ կմիանան և կստանձնենք պաշտպանությունը»,- հավելել է Մելիքյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: