Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ

Հայաստանի խնդրանքով Ռուսաստանը բանակցություններ է սկսում երկաթուղու երկու հատվածների վերականգնման ուղղությամբ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։

«Համաձայն հայկական կողմի խնդրանքի և հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական և եղբայրական զգացմունքների հիման վրա Ռուսաստանի Դաշնությունը որոշել է սկսել բովանդակային բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապ կապահովեն Ադրբեջանի Հանրապետության հետ՝ Երասխ քաղաքի մոտ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ՝ Ախուրյան գյուղի մոտ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ վերականգնվող երկաթուղու հատվածների ընդհանուր երկարությունը մոտավորապես 1,6 կմ և 12,4 կմ է։ Բանակցությունների ընթացքում կորոշվեն այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները։

***

Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։

Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։

Հունվարի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։

2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով։

Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար։

The post Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ․ Օվերչուկ appeared first on CIVILNET.

Leave a comment