Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում էր դադարեցնել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի կառուցապատման իրավունքը Երևանի «Վարդավառ» զբոսայգու և լճի՝ 17.961 հա մակերեսով համայնքային հողամասի նկատմամբ։ Դատարանը հայցը մերժել է հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով՝ չանդրադառնալով գործի մյուս փաստերի գնահատմանը։

17.9 հեկտար՝ 99 տարով

2009 թվականի մայիսի 29-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշել էր «Բիդեք» ՍՊԸ-ին 99 տարի ժամկետով տրամադրել «Վարդավառ» զբոսայգու և լճի զբաղեցրած 179,610 քմ տարածքը՝ կառուցապատման իրավունքով։ Տարեկան վճարը սահմանվել էր 619,655 դրամ։

2009 թվականի հունիսի 5-ին Էրեբունի համայնքի ղեկավարի և ընկերության միջև կնքվել էր կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2108 թվականի հունվարի 1-ը։ Ընկերությունը պարտավորվել էր տարածքը կառուցապատել քաղաքաշինական նորմերին և համապատասխան փաստաթղթերին համապատասխան։

2009 թվականի հունիսի 11-ին «Բիդեքի» կառուցապատման իրավունքը ստացել էր պետական գրանցում։

Հողամասը շուրջ 17 տարի չի կառուցապատվել

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանից տեղեկություններ էր պահանջել ինչպես հողամասի տրամադրման, այնպես էլ «Բիդեքին» տրված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ։

Քաղաքապետարանը պատասխանել էր, որ իր աշխատակազմում հողամասի՝ մրցույթով տրամադրման մասին տեղեկատվություն չի հայտնաբերվել։ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության արխիվներում նույնպես չեն հայտնաբերվել տվյալ հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով «Բիդեքին» տրամադրված քաղաքաշինական փաստաթղթեր։

Ըստ դատախազության՝ 2009 թվականին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասը մինչև 2026 թվականը՝ շուրջ 17 տարի, օրենքով սահմանված կարգով չէր կառուցապատվել։ Դատախազությունը վկայակոչել էր Հողային օրենսգրքի այն դրույթը, ըստ որի՝ կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում դրա նկատմամբ իրավունքը կարող է հարկադիր կարգով դադարեցվել, եթե պայմանագրով շինարարության ավարտի ավելի երկար ժամկետ նախատեսված չէ։

Դատախազությունը 2026 թվականի ապրիլի 21-ին դիմել էր Հակակոռուպցիոն դատարան և պահանջել դադարեցնել «Բիդեքի» կառուցապատման իրավունքը և անվավեր ճանաչել 2009 թվականին կատարված  պետական գրանցումը։

Ընկերությունը դատարանում միջնորդել էր կիրառել հայցային վաղեմության եռամյա ժամկետը և ամբողջությամբ մերժել հայցը։

«Բիդեքի» դիրքորոշմամբ՝ դատախազությունը դեռևս 2022 թվականի հոկտեմբերին ստացել էր հողամասի ամբողջ կադաստրային գործը՝ 855 էջ, այդ թվում՝ 2009 թվականի ավագանու որոշումը, կառուցապատման պայմանագիրը և իրավունքի գրանցման վկայականը։ Ըստ ընկերության՝ այդ պահից Դատախազությունն ունեցել է անհրաժեշտ տեղեկությունները հնարավոր խախտման վերաբերյալ և կարող էր ժամանակին դիմել դատարան։

Դատախազությունը հակադարձել էր, որ միայն կադաստրային փաստաթղթերը բավարար չէին պարզելու՝ արդյոք կառուցապատում փաստացի իրականացվել է։ Ըստ դատախազության՝ համապատասխան փաստական հիմքը պարզվել էր միայն 2026 թվականի փետրվարին, երբ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «Բիդեքին» տրամադրված քաղաքաշինական փաստաթղթեր չի հայտնաբերել։ Դատախազությունը նաև պնդել էր, որ կառուցապատում չիրականացնելը շարունակվող խախտում է, և այդ պատճառով հայցային վաղեմությունը չպետք է կիրառվի։

Դատախազությունը պետք է ավելի վաղ ստուգումներ իրականացներ

Հակակոռուպցիոն դատարանը համաձայնել է, որ տվյալ պահանջի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ընդհանուր՝ երեք տարվա ժամկետը։ Դատարանը նաև չի ընդունել դատախազության այն դիրքորոշումը, որ ներկայացված պահանջը նեգատոր (շարունակվող խախտում) հայց է, որի նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում։ Դատարանի գնահատմամբ՝ վեճը ծագել է պայմանագրային հարաբերությունից։

Միաժամանակ, դատարանը նշել է, որ միայն 2022 թվականին կադաստրային գործը ստանալը դեռ բավարար չէր հաստատապես պարզելու համար, որ հողամասը երեք տարի շարունակ չի կառուցապատվել։ Սակայն, դատարանի կարծիքով, այդ փաստաթղթերը ստանալուց հետո դատախազությունը պետք է լրացուցիչ գործողություններ իրականացներ և Երևանի քաղաքապետարանից պահանջեր անհրաժեշտ տեղեկությունները։

Հետևաբար, դատարանի գնահատմամբ, Դատախազությունը կարող էր այդ պահից սկսած եռամյա ժամկետում հայց ներկայացնել, սակայն դատարան դիմել է միայն 2026 թվականի ապրիլի 21-ին։ Այդ պատճառով «Բիդեքի»՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը բավարարվել է։

Այսպիսով, վճռով մերժվել է Գլխավոր դատախազության պահանջը՝ «Բիդեքի» կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու վերաբերյալ։ Դատարանը հատուկ արձանագրել է, որ քանի որ հայցը մերժվում է հայցային վաղեմության հիմքով, գործի մյուս փաստերի հաստատմանն ու գնահատմանը չի անդրադառնում։

Այսինքն՝ դատական ակտով ըստ էության չի լուծվել այն հարցը, թե «Բիդեքը» կատարել է արդյոք 2009 թվականի պայմանագրով նախատեսված կառուցապատման պարտավորությունը կամ առկա են եղել արդյոք կառուցապատման իրավունքը դադարեցնելու նյութաիրավական հիմքեր։

Դատարանի վճիռը հրապարակել է սեպտեմբերի 25-ին, այն մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment