Սեպտեմբերի 1-ից Երևանի մանկապարտեզներում բարձրացել են երկարօրյայի և խմբակների համար սահմանված վճարները։ Եթե նախկինում երկարօրյայի համար ծնողները վճարել են 5000 դրամ, ապա այժմ վճարը կազմում է 7000 դրամ։ Խմբակների վարձավճարը նախկին 1000 դրամից բարձրացել է մինչև 2000 դրամ։
Ծնողները սոցիալական ցանցերի տարբեր խմբերում անդրադարձել են վճարների բարձրացմանը՝ նշելով, որ փոփոխության պատճառների վերաբերյալ իրենց որևէ պարզաբանում չի ներկայացվել, հայտնում է Aysor.am-ը:
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող և երկարօրյա խմբերում աշխատող մանկավարժների վարձատրությունը ձևավորվում է այդ ծառայությունների դիմաց կատարվող վճարներից։
Քաղաքապետարանից նաև պարզաբանել են, որ նշված ծառայություններից ոչ բոլոր սաներն են օգտվում, քանի որ դրանց մասնակցությունը կամավոր է։
«Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,-նշել են քաղաքապետարանից։