Երիտասարդներն ու ընտրությունները․ մասնակցության աճից այն կողմ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն հունիսի 7-ի քվեարկության արդյունքները հնարավորություն են տալիս հետահայաց հասկանալու ընտրական գործընթացի մեկ այլ կողմ՝ երիտասարդների մասնակցությունը։

Որքանո՞վ էին երիտասարդները ներգրավված ընտրություններում, ի՞նչ դեր ունեցան սոցիալական ցանցերը, քաղաքական ուժերի քարոզարշավներն ու ինֆլուենսերները, և արդյոք ընտրատեղամաս գնալը նշանակո՞ւմ է ավելի երկարաժամկետ քաղաքացիական ներգրավվածություն։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս՝ գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը։ Աճ է նկատվել նաև երիտասարդ ընտրողների շրջանում։

Թվերի հետևում հնարավոր պատճառները հասկանալու համար զրուցել ենք ինֆլուենսեր Արեն Նահապետյանի, Հայաստանի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոյի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

Երբ ընտրություններին մասնակցելը դառնում է «թրենդային»

Ինֆլուենսեր Արեն Նահապետյանը երիտասարդների ակտիվացման պատճառներից մեկը տեսնում է սոցիալական մեդիայում ընտրությունների շուրջ ձևավորված միջավայրում։

«Իմ կարծիքով՝ ինձ և շատ ինֆլուենսերների հաջողվեց թրենդային դարձնել ընտրություններին մասնակցությունը»,- ասում է նա։

Նահապետյանի դիտարկմամբ՝ երիտասարդներին միայն լուրջ քաղաքական կամ գաղափարախոսական բովանդակությամբ ներգրավելը միշտ չէ, որ արդյունավետ է։ Դա, ըստ նրա, ցույց է տվել նաև քաղաքական թեմաներով պատրաստվող փոդքասթի փորձը։ Սպասվում էր, որ այն հատկապես կհետաքրքրի երիտասարդներին, սակայն ավելի մեծ արձագանք է ստացել ավագ լսարանի շրջանում։

Երիտասարդների ուշադրությունը, նրա խոսքով, ավելի հեշտ է գրավել կարճ, թեթև և հումորային ձևաչափերով։ Այս դեպքում կարևոր է ոչ միայն քաղաքական ասելիքը, այլև այն լեզուն և ձևաչափը, որով այդ ասելիքը հասնում է երիտասարդին։

Երիտասարդ ընտրողը՝ քարոզարշավի թիրախում

Հայաստանի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոյի դիտարկմամբ՝ 2026 թվականի քարոզարշավի ընթացքում հիմնական քաղաքական ուժերը երիտասարդների հետ աշխատանքը դիտարկել են որպես առանձին ուղղություն։

«Զգացվում էր, որ դա ռազմավարության մաս է, և որ միջոցներ են դրա մեջ ներդրվում»,- ասում է Իվչենկոն։

Նրա խոսքով՝ երիտասարդական թևերի աշխատանքը, սոցիալական մեդիան և երիտասարդներին ուղղված բովանդակությունը քարոզարշավի տեսանելի մաս էին դարձել։

Միաժամանակ Իվչենկոն կասկածի տակ է դնում տարածված պատկերացումը, թե երիտասարդները սոցիալական ցանցերի միջոցով քաղաքական մանիպուլյացիայի ամենահեշտ թիրախն են։ Դաշտային աշխատանքի ընթացքում նրա դիտարկումները հաճախ հակառակ պատկերն են ցույց տվել։

«Երիտասարդության ազդեցությունը սոցիալական ցանցերում ինձ թվում է ավելի մեծ է, քան իրենց վրա սոցիալական ցանցերի ազդեցությունը»,- ասում է նա։

Իվչենկոյի խոսքով՝ երիտասարդները սովոր են տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալ և ավելի արագ են ճանաչում սոցիալական մեդիայի լեզուն ու քարոզչական մեխանիզմները։ Մինչդեռ հեռուստատեսային տեղեկատվության սպառման սովորություն ունեցող ավագ սերնդի մի մասը կարող է ավելի քիչ քննադատաբար մոտենալ ստացած տեղեկատվությանը։

Սակայն երիտասարդ լինելը դեռ ինքնուրույն քաղաքական ընտրության երաշխիք չէ։ Իվչենկոն առանձնացնում է նաև ընտանեկան քվեարկության խնդիրը, երբ որոշ համայնքներում երիտասարդի ընտրության վրա ազդեցություն է ունենում ընտանիքի ավագ անդամը։

Նա, սակայն, զգուշացնում է երևույթը ընդհանրացնելուց․ առկա դիտարկումները, ըստ Իվչենկոյի, հիմք չեն տալիս այն զանգվածային կամ համակարգային համարելու։

Քաղաքական ուժերը գնացին այնտեղ, որտեղ երիտասարդներն են

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մասնակցության աճը նախևառաջ կապում է քաղաքական ուժերի ակտիվության հետ։ Նրա խոսքով՝ ընտրական համակարգն ինքնին սահմանափակ դեր ունի մարդկանց ընտրատեղամաս բերելու հարցում։

«Ընտրական համակարգը ինքը մասնակցությանը նպաստելու տեսանկյունից շատ քիչ դերակատարություն ունի, որովհետև հենց ազատությունն այն է, որ ընտրողն ինքն է որոշում»,- ասում է Հովակիմյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2026 թվականի քարոզարշավում քաղաքական ուժերն ավելի հետևողականորեն էին օգտագործում թվային գործիքները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ուղղորդված գովազդը։

Սա հատկապես կարևոր է երիտասարդ ընտրողների դեպքում։ Հովակիմյանի խոսքով՝ 18–30 տարեկանները տեղեկատվության մեծ մասը ստանում են հեռախոսի միջոցով, և քաղաքական ուժերն իրենց հաղորդակցությունը տեղափոխել են հենց այդ միջավայր։

ԿԸՀ-ն ևս առանձին նախաձեռնություն է իրականացրել առաջին անգամ ընտրողների համար։ Տեղամասերում նրանց համար նախատեսվել էին մոտիվացիոն նյութեր և խորհրդանշական հուշանվերներ՝ առաջին քվեարկությունը հիշվող դարձնելու և ընտրական գործընթացի նկատմամբ պատկանելիության զգացում ձևավորելու նպատակով։

Քվեարկում են, բայց հանձնաժողովներում քիչ են

Երիտասարդների մասնակցության մեկ այլ պատկեր է ստացվում, երբ ընտրողներից անցնում ենք ընտրությունների կազմակերպմանը։

Հովակիմյանի ներկայացրած տվյալներով՝ շուրջ 16 հազար տեղամասային հանձնաժողովի անդամներից միայն մոտ մեկ քառորդն է 35 տարեկանից ցածր։

Նրա գնահատմամբ՝ պատճառներից մեկը կարող է լինել քաղաքական ուժի հետ հրապարակայնորեն նույնականացվելու ցանկության բացակայությունը։ Հանձնաժողովների կազմերը հրապարակային են, իսկ տեղեկությունը պահպանվում է նաև ընտրություններից հետո։

Այս համատեքստում Հովակիմյանը կողմ է տեղամասային հանձնաժողովների ձևավորման կարգի փոփոխությանը՝ առաջարկելով դրանց աշխատանքում աստիճանաբար ավելի մեծ դեր տալ հանրային ծառայողներին։

Այս տարբերությունը նաև ցույց է տալիս երիտասարդների մասնակցության սահմաններից մեկը․ ընտրատեղամաս գնալը դեռ չի նշանակում ներգրավվածություն ընտրական գործընթացի մյուս մակարդակներում։

Քաղաքացիական մասնակցությունը սկսվո՞ւմ է դպրոցից

Երիտասարդների երկարաժամկետ ներգրավվածության հարցում Նահապետյանն ու Իվչենկոն կարևորում են նաև կրթության դերը, թեև տարբեր մոտեցումներ ունեն։

Նահապետյանն առաջարկում է հասարակագիտության և քաղաքացիական կրթության մի մասը վստահել մասնագիտացված կազմակերպությունների՝ պնդելով, որ գործող դասագրքերը հաճախ չեն հասցնում արձագանքել արդի քաղաքական և հասարակական իրադարձություններին։

Իվչենկոն ավելի զուսպ է։ Նա կարևորում է հասարակագիտության դասագրքերում արդեն առկա քաղաքացիական կրթության բաղադրիչը և բուհական մակարդակում իրականացված նախաձեռնությունները, միաժամանակ նշելով, որ նախկինում գործող որոշ ծրագրեր այլևս չեն շարունակվում։

Երկու մոտեցումների ընդհանուր կետը կրթությունից դուրս է․ երիտասարդներից երկարաժամկետ քաղաքացիական ներգրավվածություն ակնկալելու համար անհրաժեշտ է նաև միջավայր, որտեղ նրանք տեսնում են քաղաքական այլընտրանքներ, կարող են քննարկել հանրային խնդիրները և պահանջել որոշումների համար պատասխանատվություն։

Ընտրություններից հետո

2026 թվականի ընտրություններին երիտասարդների ավելի բարձր մասնակցությունը դեռ բավարար չէ եզրակացնելու համար, որ նրանք դարձել են քաղաքականապես ավելի ակտիվ կամ ավելի գիտակից։

Զրուցակիցների դիտարկումները ցույց են տալիս տարբեր գործոններ՝ քաղաքական ուժերի ակտիվ քարոզարշավ, սոցիալական մեդիա, ինֆլուենսերներ, կրթություն և ընտանեկան միջավայր։ Դրանցից յուրաքանչյուրի իրական ազդեցությունը առանձին ուսումնասիրության կարիք ունի։

Ընտրություններից երեք ամիս անց, սակայն, մեկ այլ հարց է առաջ գալիս․ ի՞նչ է տեղի ունենում երիտասարդների մասնակցության հետ քվեարկությունից հետո։

Ընտրատեղամաս գնալը քաղաքացիական մասնակցության ամենատեսանելի ձևերից մեկն է, բայց ոչ միակը։ Երիտասարդների ներգրավվածության իրական փոփոխությունը հնարավոր կլինի գնահատել նաև նրանով, թե որքանով են նրանք ընտրություններից հետո հետևում քաղաքական գործընթացներին, մասնակցում հանրային քննարկումներին և իրենց ընտրած քաղաքական ուժերից պահանջում հաշվետվողականություն։

 

Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։

Հոդվածը պատրաստել են՝ Հարություն Սարգսյան, Կարեն Կոլոսով, Անի Ավանեսյան, Էրիկ Մանուկյան, Անահիտ Ավագյան, Մարիամ Ասոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment