ԵԽԽՎ ընտրություններին առնչվող զեկույցի վերաբերյալ մի քանի դիտարկում է ներկայացրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։ Նրա կարծիքով, ընդդիմությունը, մի քանի փաստական արձանագրումներից զատ, այդ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի։
«Այո՛, ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ զեկույցում ևս արձանագրված են։ Բայց եթե առանձնացնենք իսկապես էական շեշտադրումները, ես ուշադրություն կդարձնեի հետևյալին։
1) Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Ընդ որում՝ այստեղ խոսքը ընտրությունների արդյունքները կեղծված լինելու մասին չէ։ Հարցը ներկայացվում է կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։
2) Մյուսը` զեկույցում ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններն են՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։
Մնացածի մասով՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ և ղեկավար` տարբեր երկրների վերաբերյալ մոնիտորինգային քննարկումներին և զեկույցների ձևավորման գործընթացներին մասնակցելու իմ փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։
Հետևաբար` ես դրանք չէի գերագնահատի։
Մնացածն ամբողջությամբ իշխանական արձանագրումներին համախոհ պնդումներ են` արտաքին ճնշումներից մինչև ընտրակաշառք»,-գրել է ԱԺ նախկին փոխնախագահը։