Փաշինյանի դեմ գործով նիստի օրը հայտնի է
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստի օրը հայտնի է։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11․30-ին։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանը դիմել էր դատարան զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։
Լիպարիտ Դրմեյանը պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն՝ նույն եղանակով և նույն հանրայնությամբ հերքել իր հասցեին հնչեցրած արտահայտությունները, որոնք վարչապետը հնչեցրել էր հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ (կապված ՀԷՑ-ի և կառավարության հնարավոր աղբյուրների մասին հայտարարությունների հետ)։
Այս տարվա հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Լիպարիտ Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Վարչապետը իրավապահներին կոչ էր արել զբաղվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանով:
Դրմեյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025 թվականի օգոստոսի 29-ին: