Starship-ի 14-րդ փորձնական թռիչքի ընթացքում ուղեծիր է հասցվել 26 արբանյակ
Գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի SpaceX ընկերությունն առաջին անգամ իր ամենամեծ՝ Starship հրթիռն ուղեծիր է դուրս բերել։ Ընկերությունը փորձարկման մանրամասները ներկայացրել է X սոցիալական ցանցում։
Խոսքը 14-րդ փորձնական թռիչքի մասին է։ Արձակումն իրականացվել է Տեխասի հարավում գտնվող SpaceX-ի տիեզերակայանից։ Թռիչքի մեկնարկից մոտ 25 րոպե անց սարքը դուրս է բերվել ուղեծիր, հայտնում է Deutsche Welle-ն:
Տեղակայվել է V3 տեսակի 26 արբանյակ, որոնք համալրված են ալեհավաքներով և արևային վահանակներով ու նախատեսված են Երկրի, ինչպես նաև Starlink-ի մյուս արբանյակների հետ կապ հաստատելու համար։
Առաքելությունը նախատեսվածից շուտ է ավարտվել։ Թռիչքի ընթացքում կրող հրթիռի 33 շարժիչից մեկը դադարել է աշխատել։ Սարքը ջրային վայրէջք է կատարել Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում։
Starship հրթիռային համակարգն իր բարձրությամբ գերազանցում է Նյու Յորքում գտնվող Ազատության արձանին։ Այն բաղկացած է երկու մասից, որոնք մեկնարկից հետո անջատվում են միմյանցից՝ մոտ 70 մետր երկարությամբ Super Heavy արագացուցչից և մոտ 50 մետր երկարությամբ վերին աստիճանից, որը նույնպես կոչվում է Starship։ Երկու հատվածներն էլ նախագծվել են այնպես, որ Երկիր վերադառնալուց հետո հնարավոր լինի դրանք կրկին օգտագործել։
Համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2023 թվականի ապրիլին, երբ մեկնարկից ընդամենը մի քանի րոպե անց այն ամբողջությամբ պայթել է։
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, ծրագրել է Starship-ի միջոցով մինչև 2028 թվականը տիեզերագնացներ ուղարկել Լուսին։ SpaceX-ն իր հերթին նպատակ է դրել հասնել Մարս։ Մասկը ցանկություն է հայտնել Մարսի վրա բնակավայր, Լուսնի վրա քաղաք, իսկ տիեզերքում՝ արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոններ ստեղծել։