Երևանում քննարկվել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում այսօր կայացել է Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

«Նիստի ընթացքում ամփոփվել են ՇԺԵ-2 ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայկական ԱԷԿ-ում առանձին հաշվարկներ են կատարվում՝ աշխատանքը մինչև 2041 թվականը երկարացնելու հեռանկարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նշել էր, որ այժմ ուսումնասիրվում է կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը, իսկ եթե հնարավոր է, նաև ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment