Բերդավանում դիրքե՞ր են հանձնել․ ի՞նչ են պատմում գյուղում

Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվական հարթակներում վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե Բերդավանի հարակից 4-5 հայկական դիրքեր սահմանազատման շրջանակում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Բերդավանում այս տեղեկությունը հերքում են՝ նշելով, որ տարածքում այս պահին սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում։

MediaHub-ի հետ զրույցում Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանը նշեց, որ ինքն էլ կարդացել է տարածվող տեղեկությունները, սակայն դրանց իրականությանը չհամապատասխանող լինելու մասին է խոսում։ «Այս պահին Բերդավանի հատվածում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում, դա նաեւ փոխվարչապետի գրասենյակն է հերքել»,- նշեց Զուրաբյանը։

Բերդավանի հատվածի նկատմամբ ուշադրությունն առավել մեծ է նաև այն պատճառով, որ սահմանամերձ գոտում են գտնվում պատմամշակութային նշանակություն ունեցող տարածքներ։ Գյուղի վարչական տարածքում գտնվող Ղալինջաքար ամրոցը հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Ամրոցի հարակից տարածքում է նաև Սուրբ Նշան եկեղեցին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ եկեղեցին շարունակում է հասանելի լինել բնակիչներին։ Վերջին կիրակի Սուրբ Նշան եկեղեցում նաև պատարագ է մատուցվել։

Բերդավանում, սակայն, սահմանազատման գաղափարին դեմ լինելու մասին չեն խոսում։ Ավելին՝ բնակիչները սպասում են, որ գործընթացը հստակեցվի և սահմանագիծը վերջնականապես որոշվի։

Իսկ թե ինչ վերաբերմունք ունեն բերդավանցիները Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հնարավոր բացման նկատմամբ, MediaHub-ը պարզել էր դեռևս գարնանը՝ գյուղում անցկացված հարցման միջոցով։

Բնակիչների մի մասը կողմ էր սահմանը բացելու գաղափարին՝ հիշելով, որ նախկինում ադրբեջանցիների հետ առևտուր էին անում և այդ տարիների կյանքը գնահատում էին որպես ավելի բարեկեցիկ։

Մյուսները, սակայն, կտրականապես դեմ էին՝ նշելով, որ Ադրբեջանը իրենց համար թշնամի երկիր է, և իրենք չեն պատկերացնում ադրբեջանցիների հետ համատեղ ապրելը։

 

 

Հունան Թադևոսյան

Leave a comment