Քաղաքապետարանը կդիտարկի Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները

Քաղաքապետարանը կդիտարկի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ զոհվածի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո:

«Օրերս հանդիպել եմ անմահ հերոս, զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։

Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։ Առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները, և այս հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ մեր հարգանքը և հանրային ընկալումը։ Փա՛ռք մեր բոլոր նահատակներին»,– գրել է Ազարյանը։

Ալբերտ Հովհաննիսյանի պատկերը հեռացվել էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի պատից, որից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվել։ Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ վերականգնման աշխատանքներից առաջ պատը մաքրվել է՝ միաժամանակ հերքելով պատկերը միտումնավոր հեռացնելու վերաբերյալ պնդումը։

Արտակ Հովհաննիսյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ «հանրային պահանջը կմնա մինչև նկարի վերականգնումը»։

«Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի հետ։

Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։ Քննարկեցինք նաև նկարի ձևաչափի հետ կապված հարցը։ Հավանաբար հարցը քննարկվելուց հետո՝ համապատասխան որոշում կկայացվի։

Հանդիպման ընթացքում կարևոր էր նաև խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ստանալ և հետագա քայլերի մասին տեղեկանալ։ Քննարկման վերջնական արդյունքը ստանալուց հետո կտեղեկացնեմ մամուլին և մտահոգ քաղաքացիներին։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ հերոսի և իմ ընտանիքի կողքին են։ Ձեր յուրաքանչյուր խոսքն ու աջակցությունը մեզ ուժ տվեցին։ Շնորհակալ եմ, որ կաք։

Իսկ հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարի վերականգնումը»,-գրել է նա:

Չեռնոգորիայի հետ ֆուտբոլային խաղի ժամանակտրիբունայում փակցվել էր Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարով մեծ պաստառը։ Մինչ այդ ֆլեշմոբ էր սկսվել՝ ցանկացողները այդ նկարը պատկերում էին իրենց ավտոմեքենաների վրա:

Leave a comment