ՌԴ ԶՈւ-ն Կիևում հարվածել է «Ֆլամինգո» հրթիռների պահեստին. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ–ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև նավերին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը գիշերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Մասնավորապես, հարված է հասցվել լոկոմոտիվային դեպոյին, որտեղ պահվում էին FP-5 «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռները և դրանց բաղադրիչները, ինչպես նաև «Բիմոբայլ» տվյալների մշակման կենտրոնին։ Սա ինտերնետային տրաֆիկի փոխանցման հիմնական կետերից մեկն է, որը ապահովում է Ուկրաինայի զինված ուժերի համար տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական տվյալների կայուն փոխանցումը։

Բացի այդ, ՌԴ ԶՈՒ–ն խոցել է «Պարկովի» տվյալների մշակման կենտրոնը, որն ապահովում էր տվյալների մշակումը կառավարական և առևտրային ծառայություններում, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Կիևի մարզում հարված է հասցվել «Բելոգորոդկա» պահեստային տերմինալին, որտեղ արտադրվում և պահվում էին ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքեր։

Հաղորդվում է նաև Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները սնուցող Օդեսայի մարզի «Ուսատովո» էլեկտրաենթակայանի, ինչպես նաև Վելիկոդոլինսկոյե բնակավայրում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող արտադրամասի վրա իրականացրած հարվածների մասին։

Ռուսական զինուժը խոցել է նաև Իզմայիլ նավահանգստում ռազմական նշանակության բեռների բեռնաթափումն ապահովող ենթակառուցվածքային օբյեկտները և Օդեսայի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական գույք տեղափոխող բեռնատար նավը։

Leave a comment