Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ալիևը ելույթ է ունեցել «Յենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարում, հայտարարելով, թե «․․․չնայած Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, սակայն ներկայիս իշխանություններն էլ տարածքային պահանջներ են ներկայացրել և փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի և անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», -իսկ հետո հատուկ ընդգծել, թե իրենք երբեք չպետք է մոռանան դա։
Մեծ հաշվով ասվածի մեջ որևէ նորություն չկա, սակայն սա հիշեցում է Հայաստանի նախկին իշխանություններին, որ եթե մի կողմ չդնեն ամբիցիաներն ու իրավիճակին անլուրջ մոտեցումը, ոչինչ չի խանգարելու Ալիևին, մի օր էլ «խաղաղության» գին սահմանել իրենց ձերբակալումը արդեն բոլորովին այլ մոտիվներով։
Միաժամանակ սա հիշեցում կամ զգուշացում է գործող իշխանություններին, որ ինչ որ մի օր, երբ այլևս Ալիևին պիտանի չեն լինի, կարող է և «խաղաղության» գին սահմանել հենց իրենց ձերբակալումը։ Ու ամենայն հավանականությամբ Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր սիրով այդ ծառայությունը կմատուցեն Ալիևին․․․
Իսկ դա տեղի չի ունենա, եթե վերականգնվի ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, և հաստատվի ո՛չ թե «խաղաղություն ուժի միջոցով», այլ «խաղաղություն արդարության և հավասարության» սկզբունքով։
Մտածե՛ք այս մասին․․․»։