Զոհրաբյան․ ՄԻԵԴ դիմելու հայցերը պատրաստ են, Մայր Աթոռի որոշմանն ենք սպասում (PAN.am)

ՀԱԵ դեմ իրականացվող արշավների հարցով ՄԻԵԴ դիմելու հայցերի նախագծերը պատրաստ են, պաշտպանական խումբը սպասում է Մայր Աթոռի որոշմանը դրանց ընթացք տալու համար, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Վեհափառ հայրապետի դիրքորոշումն այսպիսին է՝ հայրաբար, հանդուրժողականությամբ, կարող է՝ մի քիչ ներքին խոհանոց եմ բացում, բայց մեզ մոտ դժվար է ստացվում ինչ-որ մի բանով առաջ գնալը, որովհետև վեհափառ հայրապետի մոտ միշտ այս մոտեցումն է՝ «մեր պետությունը»»,- նշել է փաստաբանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է,որ նույն մոտեցումը կիրառվել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած զեկույցի դեպքում։ Փաստաբանական խումբն այն ուսումնասիրել և փաստագրել է, սակայն հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կայացվելու է քննարկումների արդյունքում։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ մի բան հստակ է․ զեկույցը հանցագործության մասին բազմաէջ ապացույց է, իսկ իշխանությունները, ըստ նրա, չեն էլ փորձել, օրինակ, ՀԿ-ների հետևում թաքնվել և բացահայտ միջամտել են եկեղեցու ներքին գործերին, ինչը, նրա պնդմամբ, արգելված է Սահմանադրությամբ, միջազգային օրենսդրությամբ և ՄԻԵԴ վճիռներով։

«Ստացվում է՝ իշխանությունն ինքն իր համար զեկույց է պատրաստել, որպեսզի հարձակվելու առիթը ստեղծի»,- ասել է փաստաբանը։

Զեկույցում տարբեր բարձրաստիճան հոգևորականների վերագրվել են ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումներ, այլև ծանր հանցագործություններ, այդ թվում՝ մանկապղծություն։ Զոհրաբյանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հոգևորականներից մեկին վերաբերող մանկապղծության հարցով անգամ որոշակի քննություն է իրականացվել, որի արդյունքում, ըստ նրա, ապացուցվել է, որ նման բան չի եղել։ Փաստաբանի պնդմամբ՝ քանի որ քննության արդյունքներն իշխանությունների համար ցանկալի չեն եղել, հարցի շուրջ աղմուկ չի բարձրացվել։

«Ես ևս չեմ կարողանում այդ մասով կոնկրետ փաստերով խոսել, որովհետև կան անձինք, որոնց անուններն անհարկի կարող է շրջանառվել և վնաս հասցնել նրանց հեղինակությանը, բայց գալու է ժամանակը, հանրությունն անպայման իմանալու է»,- նշել է Զոհրաբյանը։

Փաստաբանին հասած տեղեկությունների համաձայն՝ տարբեր հոգևորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա, որոնց հիմքում, նրա պնդմամբ, բամբասանքներ են։ Այդ գործերով իրականացվել են անարդյունք քննություններ, հարցումներ են ուղարկվել Մայր Աթոռ, որտեղից տրվել են համապատասխան պատասխաններ։

«Օրինակ` ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստի միջոցով անհասցե գրել է, թե մի քանի հոգևորականներ ճնշել են ինչ-որ մի անձի, գողականներ են նրա վրա ուղարկել, ստիպել են, որ այդ անձն ինչ-որ աշխատանք կատարի։ Հետո բարձրաստիճան հոգևորականներին կանչել են հարցաքննության, այդ անձին են առանձին կանչել, պարզվել է, որ նման բան ընդհանրապես չի եղել, հակառակը՝ տվյալ անձը Մայր Աթոռի հետ աշխատել է նորմալ պայմաններում, լավ հարաբերությունների մեջ է ու զարմացած է, թե ինչ է խոսվում»,- ներկայացրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ներկայում նմանատիպ բամբասանքների հիմքով մի ամբողջ պետական ապարատ է աշխատեցվում։ Մինչդեռ, ըստ Զոհրաբյանի, երբ փաստաբաններն են կոնկրետ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնում, մեծ դժվարությամբ են հասնում քրեական վարույթների նախաձեռնմանը։ Որպես օրինակ նա հիշատակել է դեկտեմբերի 18-ին Մայր աթոռի դեմ տեղի ունեցած հարձակման և խուլիգանության դեպքերը, երբ խախտվել է ծիսական կարգը, հնչել են հայհոյանքներ և այլն։ Վարույթը, նրա խոսքով, նախաձեռնվել է միայն դատարանի պարտադրանքից հետո, մինչդեռ եկեղեցու կամ եկեղեցականի դեմ բամբասանքները միանգամից քննիչների ու դատախազների ուշադրությանն են արժանանում և ընթացք ստանում։ Փաստաբանը դա գնահատել է որպես խտրական վերաբերմունք։

Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ հետագայում իրավապահ կառույցների այդ «գործընկերները» ստանալու են թե՛ իրավական, թե՛ հոգևոր պատասխան։ Անդրադառնալով հարցին, թե «զեկույցում» հիշատակվող հոգևորականները մտածո՞ւմ են զրպարտության մեղադրանքով հայցեր ներկայացնելու մասին՝ փաստաբանը նշել է, որ հոգևորականները տարբեր իրողություններին այլ կերպ են արձագանքում, քան աշխարհիկ մարդիկ։

«Եթե մենք ինչ-որ հարց կարող ենք չափազանց էմոցիոնալ ընդունել, հունից դուրս գալ, իրենք կարող են դա անտեսել, լուրջ չընդունել, ի վերջո, հոգևորականության ճանապարհն ընտրած յուրաքանչյուրը նաև հալածանքներ ընդունելու է պատրաստ,– ասել է Զոհրաբյանը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև եկեղեցու ֆինանսական գործունեության ոչ թափանցիկ լինելու հարցին, ինչը փաստաբանն անհեթեթ է համարել։ Նրա խոսքով՝ եկեղեցում գործում են հատուկ հանձնախմբեր, որոնք վերահսկում են ֆինանսական ծախսերը, աշխատում են նաև միջազգային որակավորում ունեցող աուդիտորներ։ Բացի այդ, բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններն իշխանություններին հասանելի են, իսկ նման ձևակերպումը, ըստ նրա, պարզապես տվյալ պահին հարմար է իշխանություններին։

Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա․ զեկույցում իշխանությունները չեն «խնայել» նաև իրենց միացած «բարենորոգիչներից» երկուսին՝ արքեպիսկոպոսներ Վազգեն Միրզախանյանին և Առաքել Քարամյանին, որոնց ևս վերագրվել է կուսակրոնության ուխտի խախտում։ Փաստաբանի կարծիքով՝ սա պետք է զգուշացում լինի նաև մյուս բարձրաստիճան «բարենորոգիչների» համար, քանի որ նրանց հերթը նույնպես կարող է հասնել։

«Երբ կառավարության փաստացի պետի մոտ ինչ-որ բան հաջողվի, առաջինը իրենց է վնասելու, զոհ է տալու»,- վստահ է փաստաբանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխանությունները հենց 2025 թվականից են որոշել «բարի հովիվ» դառնալ և ակտիվորեն զբաղվել եկեղեցու բարենորոգմամբ այն պայմաններում, երբ երկրում առկա են սոցիալականից մինչև անվտանգային բազմաթիվ խնդիրներ, Զոհրաբյանը դա կապել է Փաշինյանի՝ «թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սկսած սիրախաղի հետ»։ Նրա գնահատմամբ՝ Հայ եկեղեցու թուլացման հարցում նրանց շահերը համընկել են, իսկ եկեղեցու թուլացումը նաև թուլացնում է կապը սփյուռքի և արցախահայության հետ։

Փաստաբանն անհեթեթ է համարել նաև այն թեզը, թե գործընթացն ուղղված է ոչ թե եկեղեցու, այլ կոնկրետ անձի՝ կաթողիկոսի դեմ։ Նրա դիտարկմամբ՝ եթե խնդիրը միայն կաթողիկոսն է, ապա հարց է առաջանում, թե ինչու է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել որպես առանձին դասաժամ, ինչու են բանակից հեռացվել գնդերեցները, իսկ ՔԿՀ-ներից՝ քահանաները։

Տարբեր փորձագետներ նշել են, որ կանոնական դաշտում կաթողիկոսին գահընկեց անել հնարավոր չէ, ինչի պատճառով իշխանությունները կարող են գնալ հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու ճանապարհով։ Զոհրաբյանի կարծիքով՝ իշխանության երևակայությունը կարող է այնքան հեռու գնալ, որ որևէ տարբերակ բացառել հնարավոր չէ։ Նրա գնահատմամբ՝ կարմիր գծերն արդեն հատվել են և շարունակում են հատվել։ Միաժամանակ փաստաբանը համոզված է, որ նման զարգացումը երկար կյանք չի ունենա, թեև կատարվածի համար, նրա խոսքով, պատասխան տալու է ամբողջ ազգը։

Զոհրաբյանը նշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատրաստ է նաև վատագույն սցենարին՝ ընդհուպ ազատազրկմանը։ Նա հիշեցրել է, որ եկեղեցու և անձամբ կաթողիկոսի դեմ տարվող արշավը, իր գնահատմամբ, հասել է նաև վեհափառի ազգականներին՝ եղբորը, եղբորորդուն՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին, ինչպես նաև քրոջորդուն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Զոհրաբյանի խոսքով՝ այդ ամենը վեհափառին չի կոտրել, և հետագայում ևս նրան կոտրել չի հաջողվելու։

«Սցենարները դիտարկել ենք․ վեհափառ հայրապետը պատրաստ է այդ վատագույն սցենարներին։ Իրեն չեն կարողանալու կոտրել, ի բարեբախտություն մեզ ու ի դժբախտություն կառավարության փաստացի պետին՝ հայրապետն այդ համառությունն ունի»,- նշել է փաստաբանը։

Այնուամենայնիվ, Զոհրաբյանի գնահատմամբ՝ այսօր տեղի ունեցող իրադարձություններն անպայման տեղ են գտնելու Հայոց պատմության դասագրքերում՝ որպես ամոթալի իրադարձությունների փաստագրում, որոնց մասին հետագա սերունդները պետք է տեղեկացված լինեն։

2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին և հրապարակել այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել՝ արգելելով նրա ելքը Հայաստանից։

Սեպտեմբերի 24-ին հրապարակվել են հակաեկեղեցական արշավի վերաբերյալ զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» վերնագրված զեկույցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Leave a comment