Ռուսաստանը 2027 թվականին պատերազմական ծախսերը կավելացնի ևս մեկ երրորդով՝ այն հասցնելով ավելի քան 17 տրիլիոն ռուբլու

Ռուսաստանի իշխանությունները 2027 թվականի բյուջեի նախագծում նախատեսում են պաշտպանության ծախսերի հերթական էական աճ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ֆինանսների նախարարության նյութերին։

Գործակալության տվյալներով՝ հաջորդ տարի դաշնային գանձարանը բանակի և զենքի գնումների համար կհատկացնի 17,1 տրիլիոն ռուբլի՝ 32%-ով ավելի, քան նախատեսված էր 2026 թվականի բյուջեում (12,9 տրիլիոն ռուբլի)։

Ըստ պետական բյուջեի մասին՝ այս շաբաթ կառավարության հաստատած օրինագծի, և որը հոկտեմբերի 1-ին պետք է ներկայացվի Պետական դումա, իշխանությունները հաջորդ տարի բանակի վրա կծախսեն ընդհանուր ծախսերի 35%-ը, ինչը կդառնա ԽՍՀՄ ժամանակներից ի վեր նոր առավելագույնը։

Միջին հաշվով պատերազմը ռուսաստանցի հարկատուներին կարժենա ամսական 1,42 տրիլիոն ռուբլի, օրական՝ 46,9 միլիարդ ռուբլի, կամ ժամում գրեթե 2 միլիարդ ռուբլի։

Կառավարությունը մոտակա տարիներին ռազմական ծախսերի էական կրճատում չի ակնկալում. 2028 թվականին պաշտպանության համար նախատեսվում է 16,6 տրիլիոն ռուբլի, կամ բոլոր ծախսերի 32,6%-ը, իսկ 2029 թվականին՝ 16,3 տրիլիոն ռուբլի, կամ 30,4%-ը։

Մեկ տարի առաջ, ընդունելով հերթական եռամյա բյուջեն, կառավարությունը 2027 թվականի պաշտպանության ծախսերը նախատեսում էր 13,5 տրիլիոն ռուբլու չափով, իսկ 2028 թվականին՝ 13 տրիլիոն ռուբլի։ Այժմ այդ գումարները համապատասխանաբար ավելանում են 3,1 և 3,3 տրիլիոն ռուբլով, կամ 23%-ով և 25%-ով։

Ռազմական բյուջեն համալրելու համար հաջորդ տարվանից իշխանությունները «գերշահույթի հարկ» են սահմանում լեռնամետալուրգիական և ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների համար. Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ այն հաջորդ տարի կապահովի 200 միլիարդ ռուբլի, իսկ երեք տարվա ընթացքում՝ 600 միլիարդ։ Բացի դրանից, ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների, դրանց թվում՝ բանկային ավանդների տոկոսների, դիվիդենտների և արժեթղթերով գործարքների համար եկամտահարկի առավելագույն դրույքաչափը կբարձրանա շուրջ 22%-ով։ Վերջապես, արտասահմանյան առցանց խանութներից գնումները կսկսեն հարկվել 22% ԱԱՀ-ով։

Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, ըստ նախագծի, Ֆինանսների նախարարությունը մտադիր է կտրուկ ավելացնել պարտքի ներգրավումը՝ հաջորդ տարի 7,7 տրիլիոն ռուբլի և 2028-ին՝ 7,4 տրիլիոն ռուբլի։ Դա ընդհանուր առմամբ 3,6 տրիլիոն ռուբլով ավելի է, քան ի սկզբանե նախատեսված էր։

2022 թվականի սկզբից մինչև 2026-ի կեսերը Ռուսաստանը պատերազմի վրա ընդհանուր առմամբ ծախսել է 57 տրիլիոն ռուբլի՝ ներառյալ բյուջեի գաղտնի և հարակից հոդվածները, հաշվարկել է Գերմանիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի տնտեսագետ Յանիս Կլյուգեն։ Դա մոտավորապես Ռուսաստանի ընթացիկ Համախառն ներքին արդյունքի 28%-ն է և ավելի քան 30 տարվա ֆինանսավորում՝ երկրի ամբողջ բարձրագույն կրթության համակարգի համար։

Հաջորդ տարվա արդյունքներով պատերազմի ծախսերի ընդհանուր գումարը հնարավոր է հասնի 74 տրիլիոն ռուբլու, կամ 876 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ գերազանցելով ՌԴ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստների ծավալը (748,2 միլիարդ ԱՄՆ դոլար)։

NEWS.am

Leave a comment