ԵԽԽՎ-ն հաստատել է ընտրական զեկույցը՝ ՀՀ-ին բարեփոխումներ առաջարկելով  (PAN.am)

ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության զեկույցը։ Մինչ այդ ընդմիջումից հետո քննարկումները շարունակվել են, և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի պատվիրակները։

Հայաստանին առաջարկվել է բարեփոխումների ճանապարհային քարտեզ, հայտնում է Factor.am-ը:

Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավոր Էդվարդ Լին անդրադարձել է Հայաստանի ընտրություններին՝ իր բնորոշմամբ՝ «Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում»։

«Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր աննախադեպ սպառնալիքի է բախվում՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը, ըստ էության, վերացրել է եկեղեցու և պետության միջև սահմանները և նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ»,- հայտարարել է նա։

Բրիտանացի պատգամավորը տեղի ունեցողը ներկայացրել է ոչ թե որպես քաղաքական անհամաձայնություն, այլ՝ «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։

Նա անդրադարձել է նաև հոգևորականների կալանավորումներին՝ ընդգծելով. «Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ենթարկվում է ճնշումների»։

Պատգամավորի պնդմամբ՝ հունիսին անցկացված ընտրությունների ժամանակ Հայաստանի արդի պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ինքնավարության վերացման վերաբերյալ դրույթներ:

«Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա»,- ասել է նա։

Էդվարդ Լին նշել է, որ վերջին շաբաթներին կառավարությունը հրապարակել է պետական պատվերով պատրաստված զեկույց, որը «քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, ինչպես նաև սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով»։

«Պետական մեխանիզմների օգտագործումը՝ հնագույն եկեղեցական օրենքները վերացնելու համար, մարդու իրավունքների և կրոնի ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ընտրություններն օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ «սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար»։

«Եվրոպայի խորհուրդը պետք է պաշտպանի կրոնի ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»,- եզրափակել է պատգամավորը։

Մեծ Բրիտանիայի պատվիրակի ելույթին արձագանքել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու մասին հնչած հայտարարությունները բնորոշելով որպես «խիստ անտեղյակ»։

Գրիգորյանը պնդել է, որ Հայաստանի կառավարությունն ու պետությունը եկեղեցու դեմ չեն պայքարում, այլ պաշտպանում են այն։ Նա շեշտել է, որ եպիսկոպոսների նկատմամբ կատարված գործողությունները պայմանավորված չեն նրանց հոգևորական լինելու հանգամանքով:

«Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։

«Պատճառն այն է, որ Հայոց կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասել է Գրիգորյանը։

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը վերաբերող պնդումների հատվածում Գրիգորյանի ելույթն ընդհատվել է նախագահողի կողմից, որն առաջարկել է խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։

Անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ Գրիգորյանն այն գնահատել է «հիասքանչ» և ընդգծել, որ Հայաստանի քաղաքացիները մրցակցային ընտրությունների ընթացքում ազատորեն արտահայտել են իրենց կամքը, իսկ այդ որոշումը հարգվել է։ Նա հիշեցրել է զեկույցում տեղ գտած գնահատականը, համաձայն որի՝ ընտրողներն իրական ընտրության հնարավորություն են ստացել քաղաքական այլընտրանքների միջև՝ լավ կազմակերպված գործընթացում, իսկ ընտրությունների օրն անցել է կանոնավոր ու հանգիստ։

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը բախվել է արտաքին միջամտության ու տեղեկատվական գործողությունների, որոնք զեկույցում բնորոշվել են որպես աննախադեպ Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար, սակայն պետական ինստիտուտները կարողացել են դիմակայել դրանց։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դրական գնահատականը չպետք է ինքնագոհության պատճառ դառնա. անհրաժեշտ է շարունակել աշխատանքը քարոզարշավի ֆինանսավորման, լրատվամիջոցների անաչառության և ընտրական գործընթացի մատչելիության հետ կապված խնդիրների շուրջ։

«Պնդումներն ու ընկալումները չպետք է ինքնաբերաբար ներկայացվեն որպես հաստատված խախտումներ»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ԿԸՀ-ի և խորհրդարանական ներկայացվածության հարցերին առնչվող եզրակացությունները պահանջում են իրավական մանրակրկիտ գնահատական, այլ ոչ քաղաքական ենթադրություններ։

«Հայկական ժողովրդավարությունը բազմիցս փորձության է ենթարկվել։ Հունիսի 7-ին այն հաղթահարեց ևս մեկ կարևոր փորձություն։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին ժողովրդավարությունը, իրենց ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իրենց ապագան, և ամենից առաջ՝ խաղաղությունը»,- եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի գնահատմամբ՝ հունիսի 7-ին անցկացված ընտրությունները մի քանի առումով նշանակալի են եղել:

«Դրանց թվում են արտաքին միջամտության մասշտաբն ու բնույթը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ենթադրյալ ձայներ գնելու դեպքերը։ Մենք ականատես եղանք արտաքին միջամտության ավելի ու ավելի բարդ ձևերի, որոնք կարող են դրսևորվել ապատեղեկատվությամբ, կեղծ նարատիվների տարածմամբ, կիբերհարձակումներով, հանրային տեղեկատվական դաշտի մանիպուլյացիայով և քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերով»,- ասել է նա։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ քաղաքական ճնշմանը զուգահեռ եղել է նաև տնտեսական ճնշում՝ մի շարք ապրանքների ներմուծումը սահմանափակելու միջոցով, որոնք «նպատակ ունեին ազդել ինքնիշխան պետության քաղաքական ընտրությունների վրա»։

Սոնա Ղազարյանը համոզմունք է հայտնել, որ 2026 թվականի ընտրությունները ցույց են տվել Հայաստանի կարողությունը՝ պաշտպանելու ընտրական գործընթացն ու երաշխավորելու քաղաքացիների ընտրության իրավունքը:

«Եվ այդ ընտրությունը պետք է պատկանի Հայաստանի ժողովրդին, ոչ թե օտարերկրյա կառավարություններին, արտաքին ուժերին, տնտեսական ճնշմանը կամ ապատեղեկատվությանը։ Սկզբունքը շատ պարզ է՝ Հայաստանում ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից, ազատ և արդար գործընթացների միջոցով։ Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ․ սա եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,- եզրափակել է նա։

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, սակայն երկրի համար առանցքային է դարձել քվեարկությունից հետո բնականոն ժողովրդավարական կյանքի ապահովման հարցը։ Այս միտքն արտահայտվել է իտալացի պատվիրակ Պիեր Ֆասինոյի ելույթում։

Որպես միջազգային դիտորդական առաքելության անդամ՝ նա ընտրությունների օրը գործընկերների հետ այցելել է բազմաթիվ ընտրատեղամասեր: Ֆասինոյի գնահատմամբ՝ հիմնական խնդիրն առավելապես կապված է ոչ թե ընտրությունների բուն ընթացքի, այլ դրանց հաջորդած քաղաքական զարգացումների և այն հարցի հետ, թե ինչպես է ապահովվելու ժողովրդավարական կյանքի շարունակականությունը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։

Իտալացի պատվիրակը Հայաստանի իրավիճակը համեմատել է Կոսովոյի հետ՝ նշելով, որ այնտեղ քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության հասնել նախագահի ընտրության հարցում, ինչի հետևանքով երկիրը կարող է կրկին գնալ ընտրությունների։ Նա շեշտել է, որ Կոսովոյի անկայունությունը մտահոգություն է առաջացնում նաև Արևմտյան Բալկանների ընդհանուր իրավիճակի տեսանկյունից, իսկ Եվրամիությանն անդամակցելու երկարատև գործընթացը կարող է նպաստել ազգայնական միտումների ու հակամարտությունների վերակենդանացմանը։

«Այն, ինչ վերաբերում է Հայաստանին, վերաբերում է նաև Կոսովոյին։ Մենք՝ որպես Եվրոպայի խորհուրդ, պատասխանատվություն ունենք աշխատելու այս երիտասարդ ժողովրդավարությունների հետ, որպեսզի դրանք ընդունեն կառավարման այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- ասել է նա։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ արձանագրված արտաքին ճնշումներն ու միջամտության փորձերը չեն ազդել քվեարկության վերջնական արդյունքի վրա։

Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին՝ նա նշել է, որ հայկական կողմն ի գիտություն է ընդունել զեկույցի առանցքային առաջարկությունները և պատրաստվում է աշխատել դրանց իրագործման ուղղությամբ։

«ԵԽԽՎ դիտորդական առաքելության գլխավոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին ընձեռել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացի շրջանակում»,- ասել է Ջուլհակյանը։

Նրա խոսքով՝ արտաքին ուղղակի ճնշումների պայմաններում նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդավարական մանդատ, որը պետք է հարգվի ու պատասխանատու կերպով իրագործվի։ Ջուլհակյանը հունիսի 7-ի ընտրությունները բնորոշել է որպես Հայաստանի արդի պատմության կարևորագույն ժողովրդավարական գործընթացներից մեկը՝ նշելով, որ դրանք տեղի են ունեցել խաղաղության, անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական անվտանգության և պետական դիմակայունության շուրջ կարևոր ընտրության պայմաններում։

Պատգամավորը նշել է, որ քարոզարշավի ընթացքում առաքելությունն արձանագրել է անմիջական արտաքին ճնշումներ՝ տնտեսական սահմանափակումներ, դիվանագիտական սպառնալիքներ, հայկական արտահանման համար ստեղծված խոչընդոտներ, էներգամատակարարման հետ կապված սպառնալիքներ, ինչպես նաև ընդդիմության օգտին ընտրողների վրա ներգործելուն ուղղված տեղեկատվական գործողություններ։

«Այս գործողությունները դուրս էին գալիս սովորական քաղաքական մեկնաբանությունների շրջանակից։ Դրանք Հայաստանի ժողովրդի ինքնիշխան ժողովրդավարական որոշումների վրա ազդելու փորձեր էին»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ առաքելության ամենակարևոր եզրակացությունն այն է, որ այդ փորձերը չեն կանխորոշել արդյունքը։

Ջուլհակյանի գնահատմամբ՝ արտաքին միջամտության պատասխանը դարձել է քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ընտրական գործընթացին:

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Կիմո Կիլյունենը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են եվրոպամետ ուղղությամբ առաջ շարժվելու Հայաստանի ընտրության մասին։

Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին՝ Կիլյունենը նշել է, որ ընտրություններն առանձնահատուկ նշանակություն են ունեցել, քանի որ Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցումից հետո դրանք առաջին ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եղել։ Նրա խոսքով՝ դրանք անցկացվել են աշխարհաքաղաքական լարվածության, արտաքին միջամտության փորձերի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների, ինչպես նաև ներքաղաքական բևեռացման պայմաններում։

Չնայած այդ հանգամանքներին՝ Կիլյունենի խոսքով, զեկույցն արձանագրել է, որ ընտրական գործընթացը տեխնիկական առումով հաջող է եղել, անցել է խաղաղ պայմաններում, իսկ ընտրողները հնարավորություն են ստացել ընտրություն կատարել իրական քաղաքական այլընտրանքների միջև. «Այս իմաստով կարող ենք ասել, որ ընտրություններն ազատ և արդար էին»,- ասաց նա։

Նախկին զեկուցողը հիշատակել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ու մեդիա միջավայրում առկա կողմնակալության վերաբերյալ հարցերը՝ նշելով, որ դրանք պատշաճ կերպով արտացոլվել են զեկույցում։

«Ամենակարևորն այն է, որ այսօր կարող ենք տեսնել՝ Հայաստանը հաստատուն կերպով ընտրել է եվրոպամետ ուղին։ Դա շատ հստակ երևում է ընտրությունների արդյունքներից, և մենք պետք է ողջունենք այդ ընտրությունը»,- եզրափակել է Կիլյունենը՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ։

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին առաջարկել է մի շարք քայլեր իրականացնել՝ ընտրական գործընթացի և ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունն ավելի ամուր դարձնելու նպատակով։

Մասնավորապես, պատվիրակությունն առաջարկել է զարգացնել Ռուսաստանի Դաշնությունից բխող տեղեկատվական գործողություններն ու տնտեսական ճնշման գործիքները բացահայտելու և դրանց արձագանքելու ազգային կարողությունները։ Միաժամանակ առաջարկվել է ամրապնդել ընտրական ոլորտի պատասխանատուների նշանակումների անկախությունը։

Ընդունված զեկույցով առաջարկվել է նաև ընդլայնել այն շահագրգիռ կողմերի շրջանակը, որոնք իրավունք կունենան դատարաններում ընտրական բողոքներ ներկայացնելու, երկարացնել ընտրատեղամասային ու համընդհանուր ընտրական վեճերի քննության ժամկետները և ապահովել բողոքարկման առավել ճկուն մեխանիզմներ։

ԵԽԽՎ պատվիրակությունը կոչ է արել վերացնել նախընտրական ու երրորդ կողմերի ֆինանսավորման ոլորտում պահպանվող բացերը, ամբողջությամբ կանոնակարգել վարչական ռեսուրսի օգտագործումը և դրա ցանկացած չարաշահման դեպքում ապահովել արդյունավետ պատժամիջոցներ։

Առաջարկների շարքում ներառվել են նաև հանրային հեռարձակողի անաչառության ապահովումը, մասնավոր լրատվամիջոցների սեփականության կառուցվածքի ավելի մեծ թափանցիկության երաշխավորումը, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների ու թվային գրագիտության ծրագրերի ընդլայնումը։

Զեկույցով կոչ է արվել դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումները և ընտրություններին առնչվող դատական գործընթացներում ապահովել պատշաճ դատավարության բոլոր պահանջները։

Առաջարկվել է նաև վերանայել իրավապահ մարմինների գործելակերպը՝ այն մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի համար երաշխավորել խաղաղ հավաքների ու բողոքի իրավունքը։

ԵԽԽՎ-ն կարևոր է համարել տեղահանված ու խոցելի ընտրողների համար ընտրելու իրավունքի իրացման պայմանների պարզեցումը, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի դյուրացումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան քաղաքացիության և գրանցման գործընթացների արագացումը։

Առանձին առաջարկ է ներկայացվել Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ անհրաժեշտ է հստակ ամրագրել նոր քվեարկություն անցկացնելու պարտադիր պահանջը, երբ հարցականի տակ է դրվում քաղաքական ուժի հիմնարար ներկայացվածությունը, ինչպես նաև սահմանել դրա համար անհրաժեշտ հստակ շեմերն ու ընթացակարգերը։

ԵԽԽՎ-ն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի իշխանությունների հետ համագործակցել արձանագրված խնդիրների լուծման և ժողովրդավարության եվրոպական չափանիշների կիրառումն ամրապնդելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը նախատեսվել է իրականացնել Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի շրջանակում՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկած ԵԽԽՎ ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Փաստաթղթում արձանագրվել են աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր:

Leave a comment