ԱՄՆ նախագահ Թրամփը հերքել է Axios-ի հրապարակումը, ըստ որի՝ ինքը պատրաստ է Իրանին առաջարկել պատժամիջոցների մեղմացում և ապասառեցնել իրանական միջոցները՝ վերջինիս միջուկային ծրագիրը վերանայելու դիմաց, գրում է The Hill-ը։
«Axios-ը հրապարակել է մի նյութ, թե, իբր, Թրամփն առաջարկել է Իրանին մեղմացնել պատժամիջոցները և ապասառեցնել միջոցները։ Դա սուտ է։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել։ Axios-ի հրապարակումը, ինչպես և մյուսների մեծ մասը, կեղծիք է, որն օգտագործվում է բացառապես նրանց՝ «Թրամփի հանդեպ մոլուցքի համախտանիշը» բավարարելու նպատակով։ Նրանք պետք է անհապաղ հեռացնեն այդ կեղծ հրապարակումը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին՝ Axios-ը գրել է, որ պատժամիջոցների մեղմացման առաջարկը հնչել է այն ժամանակ, երբ Կատարի և Պակիստանի միջնորդները փորձում են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք բերել։ Երկուշաբթի նրանք Նյու Յորքում հանդիպել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ակնկալվում է, որ Կատարի միջնորդները Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ կհանդիպեն ավելի ուշ։
ԱՄՆ պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ անուղղակի բանակցությունները «դրական և կառուցողական» են, իսկ Իրանը «ցույց է տվել, որ միջուկային հարցերում պատրաստ է ճկունության»։ Պաշտոնյան հավելել է, որ որևէ համաձայնություն չի լինի, քանի դեռ Իրանի միջուկային ծրագիրը «չի կարգավորվել»։
«Կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն պարտավորությունների կատարման ժամկետների և այն հարցի շուրջ, թե ով և ինչ քայլեր պետք է առաջինը ձեռնարկի»,- Axios-ին ասել է պաշտոնյան։
Լրատվամիջոցը նշել է, որ Թրամփի առաջարկը «դիվանագիտական բեկման հույսի նշույլ է» այն բանից հետո, երբ շաբաթ օրը նա մերժել էր յոթնօրյա խաղաղության Իրանի առաջարկը։ Իրանական առաջարկը կհանգեցներ Հորմուզի նեղուցի վերաբացմանը, բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը։
Թրամփը հայտնել էր, թե ակնկալում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն այս շաբաթ բանակցություններ կվարեն Իրանի հետ, և որ վարչակարգը ցանկանում է «գործարք կնքել, սակայն դա այն գործարքը չէ, որը ես եմ ցանկանում կնքել»։ Նա զգուշացրել էր, որ «մշտապես մտածում է» Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու մասին, մինչդեռ երկուշաբթի լրացավ հակամարտության յոթերորդ ամիսը։
Թեհրանի պաշտոնյաներն ԱՄՆ-ից պահանջում են մի շարք զիջումներ, այդ թվում՝ Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցում, իրանական նավթի վաճառքի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից բացառությունների տրամադրում և ցանկացած հրադադարի տարածում Լիբանանի վրա, հայտնել է Associated Press-ը։ Նշված զիջումները ներառված են եղել մերժված խաղաղության առաջարկում։
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Թրամփը մերժել է առաջարկը, քանի որ Իրանը պահանջել է «ամեն ինչ նախապես»։
«Նրանք պահանջում էին ազատվել միլիարդավոր դոլարների պատժամիջոցներից, որոնք սահմանվում են «Operation Economic Fury» գործողության շրջանակում, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից, որոնք գործում են արդեն երկար տարիներ»,- ասել է Ուոլցը CNN-ի հետ զրույցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի