«Հրապարակ» թերթը գրում է.
Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։
Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես Սյունիքի երբեմնի ընդդիմադիր մյուս համայնքապետերը։ Փարսյանի վարկանիշն էլ բավականին բարձր է, ուստի առաջիկա ընտրություններին իշխանությունը մտահոգված է այդ փաստից, ու որպեսզի Կապանը «չկորցնեն», մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում։
Թեպետ իշխանական շրջանակներից չեն բացառում նաեւ, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուսի գան Փարսյանի հետ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան միանգամից 19 խոշորացված համայնքում:
«Փաստն» ուսումնասիրել է, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել այդ համայնքներում կայանալիք ընտրությունների համար:
Նախ՝ նշենք, որ իշխող ՔՊ-ն առաջադրվել է բոլոր համայնքներում, որոնցից երկուսում՝ դաշինքով: Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ հանդես են գալու նույն անվամբ՝ «Համերաշխություն» դաշինք: Ուշագրավ են նաև այն կուսակցությունները, որոնց հետ ՔՊ-ն դաշինք է կազմել. Գավառում գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը: Ի դեպ, հինգ համայնքում՝ Արմավիր, Գառնի, Ախուրյան, Վայք, Վարդենիս, ՔՊ-ն ընտրությունների է գնալու «հպարտ միայնության» մեջ:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ էլ պատկերը պակաս հետաքրքիր չէ: Մասնակցության ամենաշատ հայտ ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ վեց համայնք (Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, Մարտունի), որից մեկ համայնքում՝ Գորիսում, կմասնակցի «Հայկական քվե» կուսակցության հետ դաշինքով («Ապրելու քվե»): Ի դեպ, «Հայկական քվե» կուսակցությունը առանձին կմասնակցի նաև Գավառի ընտրություններին:
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի չորս համայնքում՝ Արտաշատ, Մարտունի, Ծաղկաձոր, Հրազդան: Ընդ որում, վերջին երկուսում ՀՅԴ-ն պայքարելու է միայն ՔՊ-ի դեմ: Երկու համայնքում ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը. խոսքը Ստեփանավանի ու Արթիկի մասին է: «Ուժեղ Հայաստան» դաշինքը պայքարի մեջ կմտնի Ստեփանավան համայնքում: