Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի վճիռը
Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ Դա սպասելի էր։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը։
Փաստերի ուժով չի կարող բողոքարկել։ Մեծ Պալատ կարելի է բողոք ներկայացնել միայն իրավունքի հարցի մասով՝ եթե բողոքում բարձրացվում է հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի որևէ հոդվածի մեկնաբանությանը, կամ այնպիսի հարց, որն ընդհանուր (համաեվրոպական) նշանակություն ունի։ Այդ առումով առավել հնարավոր է, որ Ադրբեջանը բողոքարկելու է արտատարածքային իրավազորության տեսական հիմքը, որը ՄԻԵԴ-ը կիրառել է սույն գործով։
Դեպքերը տեղի են ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում, որը մեծամասամբ գտնվում էր Արցախի զինված ուժերի հսկողության տակ։ Սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավոր ներթափանցել էր թիկունք ու այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։ ՄԻԵԴ-ը չի կիրառել “պատերազմի ակտիվ փուլ” սկզբունքը, որի դեպքում դիմումը կմերժեր (պատերազմի ակտիվ փուլում, երբ հակամարտության կողմերը ակտիվ ռազմական գործողությունների մեջ են, գրեթե ամբողջությամբ գործում է հունանիտար իրավունքը, ՄԻԵԿ-ը կիրառելի չէ): Այս սկբունքը հիմնականում գործում է հեռահար ռմբակոծությունների դեպքում։
ՄԻԵԴ-ը փոխարենը կիրառել է անհատական մոտեցմանը սկզբունքը, ըստ որի զինված ուժերի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում հակառակորդի առանձին ստորաբաժանումների կամ զինվորների անհատական գործողությունները թիկունքում նույնպես կարող են վերագրվել հակառակորդի զինված ուժերին՝ այդ ամենը գնահատելով որոշակի հավանականությամբ (element of proximity): Կարծում եմ հենց սա կբողոքարկվի Ադրբեջանի կողմից, քանի որ հավանականության (կամ մոտիկության) այս դոկտրինը զարգացող սկզբունք է, և դրա չարաշահումը ստեղծում է գորշ գոտիներ միջազգային իրավունքում, որից օգտվում են հակամարտող կողմերը, որից նաև Ադրբեջանը լայնորեն օգտվեց 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններում։