CSI-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ հետ վերցնել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու իր ծրագրից և հարգել ՀԱՍԵ ինքնավարությունը

«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպության հայտարարությունը

28 սեպտեմբերի 2026թ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է զեկույց՝ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործողությունների հետևանքով եկեղեցում ստեղծված ճգնաժամի և դրա հաղթահարման ուղիների մասին»։

«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպությունն ուսումնասիրել է զեկույցը և մերժում է այն՝ ամբողջությամբ։ Դրա հեղինակները, կիրառված մոտեցումները և հետապնդած նպատակները հիմնովին վարկաբեկում են զեկույցի եզրակացությունները։ Ավելին, զեկույցն ուղղակի հարված է Եկեղեցու ինքնավարության դարավոր սկզբունքին, որը երաշխավորված է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային իրավունքով:

Ի հեճուկս զեկույցի պնդումի՝ եկեղեցական ճգնաժամը հենց կառավարության ստեղծածն է։ Այն հրապարակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հետևողական, պետական հովանավորությամբ իրականացվող արշավի շրջանակում. մի Եկեղեցու, որը գոյատևել է ավելի քան 1700 տարի և միշտ կանգնած է եղել հայ ժողովրդի թիկունքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է տապալել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին և Եկեղեցին դնել պետական լծի տակ. նպատակ, որին նա հետապնդում է արդեն մեկ տարուց ավելի։ Կաթողիկոսին հեռացնելու նրա մտահղացումը տեղ էր գտել իր կուսակցության նախընտրական ծրագրում և այժմ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում։ Զեկույցին նախորդել են բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալությունները, Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների դեմ հարուցված շինծու քրեական մեղադրանքները, ինչպես նաև եկեղեցականներին պառակտելուն ուղղված պետական հովանավորությամբ ջանքերը։ Այս և այլ քայլեր ոտնահարում են ՀԱՍԵ ինքնավարությունը և կասկածի տակ դնում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:

Զեկույցը որևէ անկախ քննության կամ անկողմնակալ դատական գործընթացի արդյունք չէ։ Այն գրվել է վարչապետի ուղղակի հանձնարարությամբ՝ նրա սեփական մամուլի կողմից։ Վարչապետի մամուլի գրասենյակը որևէ առնչություն կամ իրավասություն չունի աստվածաբանության կամ կանոնական իրավունքի բնագավառում, սակայն նրա հեղինակներն ընտրողաբար մեջբերում են կանոններ և հավակնում են դատողություններ անել եկեղեցական հարցերի շուրջ։ Մեղադրանքներից մի քանիսն այնքան ծանր են, որ դրանք պետք է քննվեն պատշաճ ատյանում, և ոչ թե շահարկվեն կառավարության կողմից հրապարակված քաղաքական փաստաթղթում՝ որպես խտրական արշավի մաս։ Ավելին, նման մեղադրանքներ հնչեցնելով այն ժամանակ, երբ հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, դատարանի առջև են, Կառավարությունը կոպտորեն ոտնահարում է նրանց՝ արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի իրավունքը։

Զեկույցում նշվում է, թե այն հիմնված է «բաց աղբյուրների» վրա։ Գործնականում դա նշանակում է լրատվական կայքեր, յութուբյան հոլովակներ և ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում՝ հենց վարչապետի անձնական էջի։ Այն չունի որևէ հիմնարար ապացույց, և պնդումների մեծ մասը չստուգված բամբասանքներ են, ակնարկներ կամ լուրեր։ Դրանց հեղինակներն առավելապես եկեղեցու կողմից կարգալույծ կամ կարգապահական տույժերի ենթարկված անհատներ են, ինչպես նաև Կաթողիկոսի երկարամյա ընդդիմախոսները։ Այն դեպքերում, երբ Կաթողիկոսը չի արձագանքել որևէ մեղադրանքի, նրա լռությունը մատուցվում է իբրև ապացույց։ Այդպես կոչված «ապացուցողական բազան» չափազանց խոցելի է և հավաքվել է նպատակ ունենալով արդարացնել մի վճիռ, որը կայացվել էր դեռևս զեկույցի գրվելուց շատ առաջ. այն չի դիմանա որևէ լուրջ դատական քննության։

Զեկույցը Կաթողիկոսին մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ՝ միաժամանակ լռելով, որ նա գործել է Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով Եկեղեցուն վերապահված բացառիկ առաքելությանը համապատասխան՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքի առաջնորդության և ազգային ինքնության պահպանման գործում։ Այն ոչինչ չի ասում նաև այն համատեքստի մասին, որում բարձրաձայնել է Եկեղեցին. խոսքը 2020 թվականի պատերազմում և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների ժամանակ կառավարության թույլ տված ձախողումների մասին է։ Վիշտ ապրող և տեղահանված ժողովրդի պաշտպանությամբ խոսելը հակաօրինական քաղաքական գործունեություն չէ, այլ հենց այն առաքելությունը, որը Սահմանադրությունը սպասում է Եկեղեցուց:

Հայկական օրենսդրությունն հստակորեն սահմանում է, որ չնայած ՀԱՍԵ-ն ազգային եկեղեցի է, այն ինքնավար է և ինքնակառավարվող։ Պետությունը որևէ իրավասություն չունի Կաթողիկոսին հեռացնելու կամ փոխարինելու հարցում. այդ գործընթացը կարգավորվում է բացառապես Եկեղեցու սեփական կանոններով։ Ուստի, կառավարությունը չպետք է շրջանառության մեջ դնի նման զեկույցներ՝ իր խտրական արշավին օրինականության շղարշ տալու համար։

CSI-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ հետ վերցնել այս զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու իր ծրագրից և հարգել ՀԱՍԵ ինքնավարությունը։ CSI-ը նաև հորդորում է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ներառյալ Միացյալ Նահանգներին, Եվրոպական Միությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել վարչապետ Փաշինյանին մարդու իրավունքների նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին և պահանջել դադարեցնել միջամտությունը Եկեղեցու ներքին կյանքին։

Ջոն Այբներ

Նախագահ,

«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment