Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և պարզվել է, որ կրակոցներ արձակողները նշված վայրից այնուհետև «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։