Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի այսօրվա լիագումար նիստի երկրորդ մասում շարունակվեց ՀՀ-ում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը հաջորդած մտքերի փոխանակությունը։
ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ, Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Էդվարդ Լեյն իր ելույթում անդրադարձավ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններին և հայտարարեց․ «Ուզում եմ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների մասին խոսել ՀՀ կառավարության՝ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ունեցած վերաբերմունքի համատեքստում։
Այն ամենահին ազգային եկեղեցին է աշխարհում և ենթարկվում է աննախադեպ սպառնալիքի ոչ թե արտաքին ուժերի կողմից, այլ հենց ՀՀ կառավարության՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ներկայիս վարչակազմն անցել է բոլոր սահմանագծերը եկեղեցու և պետության միջև՝ իրականացնելով եկեղեցու դեմ աննախադեպ ճնշում։ ԵԽԽՎ-ն պետք է մտահոգվի այս իրավիճակով և պաշտպանի եկեղեցու ազատությունը։ Սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա»։
Էդվարդ Լեյը ոչ իրավաչափ համարեց եպիսկոպոսների և հոգևորականների ձերբակալությունները և մտահոգություն հայտնեց, որ ճնշում է իրականացվում նաև Կաթողիկոսի նկատմամբ։ Նա հայտարարեց․ «Այս վեհաժողովը պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և հորդորի ՀՀ կառավարությանը դադարեցնել այդ գործելաոճը»։
Այս ելույթն ընդունվեց ծափահարություններով: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր ելույթի ընթացքում արձագանքելով Էդվարդ Լեյին՝ նկատեց՝ բավարար տեղեկացված չէ ՀՀ-ում կատարվողի նկատմամբ ու նշեց, որ Կառավարությունն իր գործողություններով պաշտպանում է եկեղեցին հենց Կաթողիկոսից, նաև կարծիք հայտնեց, որ եպիսկոպոսները ոչ թե իրենց՝ եպիսկոպոս լինելու պատճառով են ձերբակալվել, այլ որովհետև նրանք անցնում են ահաբեկչության հոդվածով քրեական գործերով։
Այս հայտարարություններից հետո նիստը նախագահողը ստիպված էր ընդհատել Հռիփսիմե Գրիգորյանին և հորդորել մնալ քննարկման թեմայի շրջանակում։ Այնուամենայնիվ, Հռիփսիմե Գրիգորյանին տրվեց հնարավորություն իր ասելիքն ամբողջությամբ ներկայացնել։
ԵԽԽՎ-ում քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: