Արա Աբրահամյանն աջակցել է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է «Միասին» շարժման նախաձեռնությանը և աջակցել հայ հասարակական գործիչների բողոք-դիմումին։ Այն ուղղված է միջազգային կառույցներին ու օտարերկրյա դեսպանատներին՝ կապված Բաքվում ակրեդիտացված դիպլոմատների այցի հետ։ Վերջիններս, Ալիևի օգնական Հ․ Հաջիևի գլխավորությամբ, այցելել էին բռնազավթված տարածքներում գտնվող հայկական պատմական Գանձասար և Դադիվանք վանական համալիրներ և այն խաբեաբար ներկայացրել որպես «աղվանական եկեղեցիներ»։

2020 թվականից ի վեր Արա Աբրահամյանը պարբերաբար դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ բարձրաձայնելով Լեռնային Ղարաբաղի մշակութային ու պատմական ժառանգությանն սպառնացող վտանգները և ընդգծելով համամարդկային արժեք ներկայացնող հայկական քրիստոնեական կոթողների պաշտպանության անհրաժեշտությունը։ Պատմաճարտարապետական ժառանգությունը փրկելու և պահպանելու նպատակով (այդ թվում՝ կոնսերվացման միջոցով) նա առաջարկում էր մի շարք հուշարձաններ ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ որոշներին էլ տալ հատուկ կարգավիճակ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն այն ժամանակ պատրաստակամություն հայտնեց փորձագետների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտեցին առաքելության այցը, քանի որ դեռ այն ժամանակ թե՛ նախագահ Ալիևը, թե՛ մշակույթի նախարարը չէին թաքցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը խեղաթյուրելու և յուրացնելու իրենց մտադրությունները՝ հայտարարելով «աղվանական տաճարների վերականգնման» պատրվակով հուշարձանների ինքնությունը փոխող աշխատանքային խումբ ստեղծելու մասին»։

«Այսօր Ադրբեջանի իշխանություններն իրագործում են այդ ծրագրերը, ինչին, ցավոք, նպաստում են նաև բռնազավթված տարածքներ այցելող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները։ Նրանք աչք են փակում թե՛ Բաքվի անօրինական պահվող հայ ռազմագերիների վրա, թե՛ լռում էին այն ժամանակ, երբ տասնամսյա շրջափակումից և ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախի ավելի քան 120 հազար բնակիչներ, ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ, ստիպված եղան օրերի ընթացքում լքել իրենց հայրենիքը, որտեղ դարեր ի վեր ապրել ու արարել են իրենց նախնիները։

Նման այցելություններով միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչները ոչ միայն արդարացնում են Բաքվի քաղաքականությունը, որն անտեսում է միջազգային փաստաթղթերն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը (2021թ. դեկտեմբերի 7-ի՝ հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմը կանխելու պահանջով), այլև, ըստ էության, կիսում են Ալիևի դիրքորոշումը։ Վերջինս բացահայտ հայտարարում է, թե «միջազգային իրավունքը թույլերի համար է», և իր երկիրը, լինելով «աշխարհի ուժեղագույններից մեկը», պարտավոր չէ հետևել դրան։

Որպես Աշխարհի հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի բազմամյա դեսպան՝ շարունակում եմ պնդել, որ հաշվի առնելով բազմաթիվ բողոքներն ու մեր հայրենակիցների մտահոգությունները, անհրաժեշտ է հրավիրել միջազգային համաժողով՝ փորձագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Նպատակը ստեղծված իրավիճակը քննարկելն ու Լեռնային Ղարաբաղում համամարդկային արժեք ներկայացնող հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության ուղիներ գտնելն է»,- նշված է հայտարարության մեջ։

NEWS.am

Leave a comment