«Երկրորդ գծում» կայանելու համար առաջարկվում է 10, 000 դրամ տուգանք (PAN.am)

ՆԳՆ-ն առաջարկել է երթևեկելի մասի երկրորդ շարքում մեքենա կայանելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել տուգանքները ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու դեպքում առաջարկվում է կիրառել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր, հայտնում է Sputnik Արմենիան:

Նախագծով նախատեսվում է առանձին պատասխանատվություն սահմանել նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Նախագծի ընդունման դեպքում վարորդի նկատմամբ կկիրառվի 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Փոփոխություն է առաջարկվել նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոց վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ միասին օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտության հնարավորությունը։ Սահմանված ընթացակարգով հնարավոր կլինի ստուգել նաև թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը։

Նախագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Leave a comment