Չունեմ դատական նիստին ներկայանալու. դատախազը հիշեց Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

«Փաստաբանի վարքագիծը քննարկելու անհրաժեշտություն չկա, այն պայմաններում, երբ մյուս պաշտպանները ներկա են»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստին ասաց Ղուկասյանի պաշտպաններից Արամայիս Հայրապետյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողների տեսակետներին՝ պաշտպաններից մեկի՝ Զարուհի Փոստանջյանի չներկայանալու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ղուկասյանի առողջական խնդիրներին՝ Հայրապետյանն ասաց՝ ֆիքսված փաստ է, որ նա ունի առողջական խնդիրներ, շաքարային դիաբետը վայրկենական կարող է առողջական վիճակի վատթարացում առաջացնել, իսկ դեղորայքի ընդունման պարագայում իր մոտ թմրածություն է  առաջանում. «Անձը ազատության մեջ չէ, որ իր կամքով՝ երբ ուզի, դիմի հիվանդանոց ու երբ ուզի՝ վերցնի տեղեկանք, վաղաժամ է գնահատել նրա վարքագիծը ու որպես անհարգելի գնահատել կամ միջնորդել հարկադրանքի միջոցներ կիրառել»:

Ղուկասյանին հարկադրաբար նիստին ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրած հանրային մեղադրողն էլ արձագանքեց, որ իրենց արտահայտած դիտարկումները հիմնազուրկ չեն. «Պայմանավորված է  նախավերջին նիստով, որի ժամանակ, երբ փոքր բռնկում եղավ, հայտարարեց՝ չունեմ ներկայանալու նիստին, դա տեսաձայնագրված է: Այս հանգամանքների  համադրմամբ է  կարծիք բարձրացվում, որ սա արդեն ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորում է»:

Պաշտպանն էլ բացատրեց, որ էմոցիոնալ ֆոնի վրա է Ղուկասյանն այդպիսի արտահայտություն արել: Դատարանն արձանագրեց, որ առողջական վիճակի գնահատումը ներկայացվել է առանց բժշկական տեղեկանքի եւ բավարարեց հանրային մեղադրողների միջնորդությունը՝ հարկադրաբար նրան դատական նիստի բերելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ձերբակալվել են 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment