Պետությունը պարտավոր էր Բաքվում պահվող հայ գերիների հարցով դիմել ՄԻԵԴ՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով, հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը: Նա այդ մասին ասել է «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ:
«Պետությունը պարտավոր էր մասնակցել, դա իր սահմանադրական պարտականությունն է՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Քննարկման մոդերատորը հիշեցրել է, որ ՄԻԵԴ է դիմել միայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ այդ պասիվությունը կարող է ՀՀ քաղաքացու համար առաջացնել ոչ միայն Ադրբեջանի Հանրապետությանը, այլև Հայաստանին դատի տալու իրավական հնարավորություն։
Անդրադառնալով գերիների վերաբերյալ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է, որ այդ հարցում անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել, քանի որ նման հայտարարությունները կարող են վերագրվել պետությանը։
«Ի սկզբանե էլ բոլոր դատավարությունները, իհարկե անձերի դեմ էլ էին, բայց առավել մեծ նպատակ էլ էին հետապնդում՝ բազիս նախապատրաստել հետագայում Հայաստանի դեմ իրավական գործընթացներ սկսելու համար»,-հայտարարել է Սիմոնյանը։
Միջազգային իրավունքի մասնագետը պատահական չի համարել, որ մեղադրանքը կառուցվել է այն հիմնական թեզի վրա, թե Արցախի Հանրապետությունը «ահաբեկչական» կազմավորում է եղել, որը ֆինանսավորվել է Հայաստանի կողմից։
Սիմոնյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի դեմ կազմված մեծածավալ դատական գործի առաջին մասը՝ մի քանի հարյուր էջ, նվիրված է եղել 1988 թվականից մինչև 1990-ականների վերջն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գործողություններին, որոնք վերագրվել են մեկ կազմակերպության՝ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։
Նա նշել է, որ, իր գնահատմամբ, ակնհայտ թիրախը Հայաստանի Հանրապետությունն է՝ հետագայում վերջինիս «հանցագործության» խթանման և կազմակերպման մեջ մեղադրելու նպատակով։
Սիմոնյանը նաև հայտնել է, որ հրապարակված եզրակացություններում առկա են բազմաթիվ բովանդակային և տեխնիկական թերություններ։
«Ադրբեջանական դատական իշխանության ներկայացուցիչներն այնքան ազատ են իրենց զգացել, որ թույլ են տվել տեխնիկական թերություններ, որոնք ի վնաս մեր հայրենակիցների է մեկնաբանկվում»,- ասել է Սիմոնյանը։
Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ գերի է պահվում, որոնցից 16-ի մասով կա դատավճիռ՝ նրանք դատապարտվել են ցմահ կամ տևական ազատազրկման: