Տրանսֆորմատորը 1969 թ-ի արտադրության էր. Ռոմանոսը գտավ «մեղավորին» – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի 2 ծառայողական քննություններ է նախաձեռնել: Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, ավելի ուշ ՀԷՑ-ը հայտնեց, որ ընկերությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց, որ հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

«ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։ ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ»,- գրել է Պետրոսյանը:

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն իր գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել, որում երևում է 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակը: Նա նշել է, որ հրդեհված տրանսֆորմատորը 1969 թվականի արտադրության էր։

Sputnik Արմենիա

Leave a comment