«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ այցելում են Բաքու։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթների ընթացքում Բաքու պետք է մեկնի։ (Իրականում ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն Ադրբեջան մեկնելու մտադրության մասին հայտնել էր, բայց միաժամանակ ասել, որ ժամկետի շուրջ որեւէ հստակ պայմանավորվածություն չկա, դա օդի մեջ խոսակցություն է․-հեղ․) Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանն իր հետ չի տանում Ռուբեն Վարդանյանի տիկնոջը, որը նախաձեռնությամբ է հանդես եկել»,- «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Խաղաղաշինության եւ հակամարտությունների կարգավորման մասնագետ Հրայր Պալեանը։
Նրա խոսքով՝ եթե Ալեն Սիմոնյանը չի կարող իր հետ Բաքու տանել Ռուբեն Վարդանյանի կնոջը, գոնե նամակներ տանի՝ փոխանցելու Բաքվում պահվող հայ բանտարկյալներին։ «Եթե Ադրբեջանը Ալեն Սիմոնյանին չի թույլատրի հանդիպել բանտարկյալների հետ, նվազագույնը կարող է Ադրբեջանի ղեկավարներին հանձնել այդ նամակները, որպեսզի նրանք էլ հանձնեն բանտարկյալներին։ Այսինքն՝ սա նվազագույն քայլ է, որը կարող են Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն անել բանտարկյալների համար։ Բայց մենք չենք տեսնում, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի»,- նշեց Պալեանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով հարցին, թե ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն արդյոք պատշաճ օգտագործե՞ց այդ բարձր ամբիոնը՝ հայ գերիների հարցը բարձրաձայնելու համար, Միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն ասաց․ «Բնականաբար, չարտասանվեց այն, ինչ ակնկալվում էր իշխանության ներկայացուցչից, ով սահմանադրական պարտականություն ունի պաշտպանելու սեփական քաղաքացիներին ոչ միայն երկրի տարածքում, նաեւ այլ երկրի տարածքներում։ Բնականաբար, այն շողոքորթությունը, որը հորդում էր այդ ամբիոնից թշնամաբար տրամադրված պետության նկատմամբ, մեծ զարմանք է առաջացնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: