Հեռացրել են 450 մետր հողի շերտ և դուրս հանել ավելի քան 300մ երկաթե խողովակ. Տավուշում գողության պահին 3 անձ է ձերբակալվել (ՎԻԴԵՈ)

Քրեական ոստիկանները խողովակներ գողանալու պահին  ձերբակալել ու վարչություն են տեղափոխել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․  Տավուշի մարզային վարչության ծառայողները հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալու պահին ձերբակալել ու վարչություն են տեղափոխել Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։


Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 23-ին մեկնել են Հովք գյուղի վարչական տարածք:


Այն տարածքը, որտեղ այդ պահին աշխատում էր երկու տրակտոր, անմիջապես վերցվել է հսկողության:


Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ հեռացվել էր մոտ 450 մետր հողի շերտ, որից հետո զոդման միջոցով դուրս էր հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ:


Ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:


Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:




Leave a comment