«Պարոն Ռուբինյան, ինչքան շատ եք շփվում ձեր թուրք կոլեգաների հետ, էնքան հակադաշնակցական մաղձը շատանում է, զգույշ, ձեզ մի վնաս չտաք»

ԱԺ նստաշրջանում  ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում ասաց, որ այս քննարկումը վերածվել է հակադաշնակցական արշավի, ԱԺ-ում թեւածում է հակադաշնակցական մաղձը։ «Բանը հասավ այնտեղ, որ Արծվիկ Մինասյանն ասում է՝ այս ինչքան մաղձ կա ձեր մեջ, ամբողջը թափեցիք, Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ չէ, ամբողջը չենք թափել, հլը էլի կա իմ մեջ։ Ես անհանգիստ եմ, մեր փոխխոսնակն այս նյարդային համակարգով ո՞նց է ընդհանրապես գնում բանակցությոնների։ Ընդհանրապես, ինչքան շատ եք դուք շփվում ձեր թուրք կոլեգաների հետ, էնքան հակադաշնակցական մաղձը շատանում է, զգույշ, ձեզ մի վնաս չտաք»,- նշեց նա։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հակոբ Մովսեսը վերածվել է իշխանության պարզ պրոպագանդիստական գործիքի։ Նա դիմեց Հակոբ Մոսվեսին․ «Լավ, Դաշնակցությունը հասկացանք, եկեղեցուն ինչո՞ւ եք կպել, վեհափառի հրաժարականի պահանջը ձեզ մոտ ե՞րբ հասունացավ, երբ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսե՞ց։ «Մեր եկեղեցին զբաղված է եղել մեռել թաղելով եւ դրանով հպարտանալով»՝ էս մտքի գոհարները ձեզ մոտ ո՞նց ծնվեցին, պարտադիր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին զուգահե՞ռ։ Եկեղեցու խնդիրները ձեզ այլ ժամանակներում չե՞ն անհանգստացրել։ Ձեզ Հ1-ի եթերում բանավեճի են հրավիրում՝ որպես կողմ՝ իշխանական թեզերը պաշտպանելու։ Հիմա այստեղ խախտվե՞լ է չեզոքության դրույթը, թե՞ չի խախտվել։ Եվ այս ամենի համար շուրջ 4 տարի 30 մլն դրամ եք ստացել պետությունից։ Այսինքն՝ մեր քաղաքացին գիտի՞, որ Հակոբ Մովսեսը մեր հարկերից այդ գործունեությունն է ծավալում, համաձա՞յն է դրա հետ։ Դրա համա՞ր եք դուք ընտրվել, գնացեք ՔՊ ցանկ, աշխատավարձը նույնն է, ազատորեն այդ գործունեությունը ծավալեք։ Խնդիրն այն է, որ դուք սահմանադրական նորմ եք խախտել»։

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ գրողին ու մտավորականին պետք է ավելի շատ հուզեր, օրինակ, Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի Սոնա Մնացականյանի դեպքը, քան Դաշնակցության պատմությունը։ Բայց Հակոբ Մովսեսը խոսում է այն մասին, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment