«Ի սկզբանե հայ գերիների «դատավարությունները» մեկ նպատակ են հետապնդում՝ հիմքեր նախապատրաստել՝ ՀՀ դեմ իրավական գործընթացներ սկսելու համար»

«Քանի որ գերիների վերադարձի հարցն առաջին հերթին մարդասիրական խնդիր է, պետք է նախորդի խաղաղության գործընթացին։ Այսինքն՝ մենք չենք կարող խոսել տեւական կամ հարատեւ խաղաղության մասին, եթե ունենք պատանդներ։ Իսկ այս մարդիկ փաստացի պատանդ են, եւ դրա մասին փաստում է Ադրբեջանի վարքագիծը, որ մինչ օրս գերիներին բաց են թողել ինչ-որ փոխզիջումների եւ գործարքների փոխարեն»,- «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Աննա Մելիքյան

Ըստ նրա՝ գերիների վերադարձի հարցով պետք է լինի հանրային պահանջ, չպետք է այս հարցը թողնել միայն ընտանիքներին։

Միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ի սկզբանե այս բոլոր կեղծ «դատավարությունները» մեկ նպատակ են հետապնդում՝ հիմքեր նախապատրաստել՝ ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելու համար։

Տարոն Սիմոնյան

«Եվ պատահական չէ, որ ամբողջ մեղադրանքը կառուցված է այն հիմնական գաղափարի վրա, թե Արցախի Հանրապետությունն «ահաբեկչական կազմակերպություն» է եղել, որը ֆինանսավորվել է ՀՀ կողմից։ Ռուբեն Վարդանյանի գործում դատավճռի մի քանի հարյուր էջ նվիրված է 1988 թվականից մինչեւ 1990-ականների վերջերին տեղի ունեցած գործողություններին։ Այսինքն՝ ովքեր մասնակից են եղել Արցախի կառավարմանը այս կամ այն չափով, անգամ ընտրություններին մասնակցած հասարակ մարդիկ, նրանք փաստորեն, ըստ ադրբեջանական պրոպագանդայի եւ դատարանի որոշման, դառնում են «ահաբեկչական կազմակերպության» մասնակիցներ, հետեւաբար, քրեական հետապնդման ենթակա են դառնում։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ թիրախը Հայաստանի Հանրապետությունն է, որ հետագայում ՀՀ-ին ասեն՝ դուք հանցագործության խթան ու կազմակերպիչ եք եղել, իսկ Արցախի Հանրապետությունը որպես գործիք եք օգտագործել Ադրբեջանի դեմ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Խաղաղաշինության եւ հակամարտությունների կարգավորման մասնագետ Հրայր Պալեանի խոսքով՝ Ադրբեջանը վրեժ է լուծում այն պարտության համար, որը կրել է 1990-ականների սկզբներին։ Ըստ նրա՝ պետք է հանրությունը աղմուկ բարձրացնի հայ գերիների վերադարձի հարցով։

Հրայր Պալեան

«COP17-ն է անցկացվելու Երեւանում, գերիների հարցով աղմուկ պետք է հանել քաղաքում»,- ասաց Հրայր Պալեանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment