ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջիկա շաբաթ ակնկալում է Իրանի հետ բանակցությունների շարունակություն, որոնք կարող են սկսվել արդեն սեպտեմբերի 28-ին։ Նա այդ մասին հայտնել է սեպտեմբերի 27-ին Axios լրատվական պորտալին տված հեռախոսային հարցազրույցում։
«Ես Իրանի հետ նոր բանակցություններ եմ ակնկալում առաջիկա շաբաթ։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, սակայն դա այն գործարքը չէ, որը ես եմ ցանկանում կնքել։ Հնարավոր է՝ մեկ տարի առաջ մենք համաձայնեինք նման տարբերակի։ Նրանք գերագնահատել են իրենց ուժերը», — ասել է Սպիտակ տան ղեկավարը, գրում է Deutsche Welle-ն:
Հարցին՝ դիտարկո՞ւմ է արդյոք Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «միշտ մտածում է այդ մասին»։
Թրամփի՝ երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման մասին հայտարարությունը հաստատել են նաև Axios-ի երկու տարածաշրջանային աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։ Նրանց տեղեկություններով՝ Կատարի միջնորդները, որոնք ավելի վաղ մասնակցել են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպումներին, արդեն սեպտեմբերի 28-ին կարող են հանդիպումներ անցկացնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։
Միևնույն ժամանակ Axios-ը նշել է, որ երկու երկրները հնարավոր համաձայնության վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն։ Թեհրանը ցանկանում է ցանկացած բանակցություն կենտրոնացնել Հորմուզի նեղուցի ամբողջական բացման և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացման վրա, իսկ Վաշինգտոնը պնդում է ավելի լայն համաձայնության անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Իրանի միջուկային ծրագրի հարցում զիջումներ։
Մի քանի օր առաջ Արաղչին հայտնել էր, որ Թեհրանն առաջարկել է Վաշինգտոնին որոշակի պայմանների կատարման դեպքում մեկ շաբաթ անց վերականգնել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով և վերսկսել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունները։ Լրատվամիջոցները պայմանների թվում նշել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտերի դադարեցումը, իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը, Թեհրանի ակտիվների ապասառեցումը և իրանական նավթի արտահանման սահմանափակումների չեղարկումը։
Սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը։
«Ես մերժում եմ նրանց առաջարկը։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, որով նեղուցն անմիջապես կբացվի, քանի որ նրանք կործանարար կորուստներ են կրում։ Նրանք ցանկանում են գործարք կնքել, և ես կարծում եմ՝ դա նորմալ է։ Ես նույնպես սիրում եմ գործարքներ կնքել, սակայն նման գործարքն անընդունելի կլիներ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփի՝ Իրանի առաջարկը մերժելու որոշման մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն իր օգնականներին հայտնել է նաև նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի ռմբակոծությունները վերսկսելու մտադրության մասին։
The Wall Street Journal-ի աղբյուրների խոսքով՝ Թրամփը նոր ռազմական գործողությունը համարել է «միանգամայն հավանական», քանի որ թերահավատորեն է գնահատել Թեհրանի պատրաստակամությունը՝ կատարելու միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու իր պահանջը։