2026թ․-ի սեպտեմբերի 22–26-ին անցկացված «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը համախմբեց կրթական հաստատություններին, ընտանիքներին և համայնքներին՝ գիտությունը մարդկանց առօրյային մոտեցնելու շուրջ։ «Գիտուժ»-ի կազմակերպած այս նախաձեռնությունն ընթանում էր «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» գաղափարով՝ ոգեշնչելով հարցեր տալ, փորձարկել և բացահայտել։
Շաբաթվա ծրագրերին միացել է ավելին քան 400 դպրոց և մանկապարտեզ ողջ Հայաստանից՝ հնարավորություն տալով իր սաներին հետազոտելու հետաքրքրությունը զարգացնել հենց սեփական կրթական միջավայրում։
Գիտությունը բացահայտելու հնարավորությունները շարունակվել են նաև առցանց․ շաբաթվա ընդամենը հինգ օրում գիտական խաղերը խաղացել են ընդհանուր առմամբ ավելին քան 700 անգամ։ Իսկ մարզերում՝ ԿԳՄՍՆ երիտասարդական կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, անցկացվել են «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրությունները՝ Հայաստանի գիտության և նորարարության պատմությունները հասցնելով համայնքների երիտասարդներին։
Գիտությունն ու ստեղծագործական երևակայությունը միավորել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որին ներկայացվել է ավելի քան 50 ստեղծագործություն։ Հաղթողների աշխատանքներն արդեն հրապարակված են Գիտության շաբաթվա կայքում․ դրանք հնարավոր է կարդալ առցանց կամ ներբեռնել։
Գիտության շաբաթվա ծրագրին միացավ նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժ» նախաձեռնությունն էր։
«Գիտության շաբաթը խրախուսում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը, ստեղծագործությունն ու խնդիրների լուծումը։ Այն օգնում է, որ գիտությունը դառնա առօրյա զրույցների մաս դպրոցներում, ընտանիքներում, համայնքներում և հանրային տարածքներում։ Մեզ համար գիտությունը մտածելակերպ է, հանրային մշակույթ և ազգային առաջնահերթություն», — նշել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։
Գիտության շաբաթն ավարտվել է, սակայն դրա ուսումնաօժանդակ նյութերն ու խաղերը շարունակելու են հասանելի մնալ՝ ապահովելով նախաձեռնության շարունակական ազդեցությունը։ Առցանց խաղերը կարելի է շարունակել խաղալ, իսկ աշխատանքային գրքույկները՝ ներբեռնել և օգտագործել ամբողջ տարվա ընթացքում՝ դպրոցում, մանկապարտեզում կամ ընտանիքում։ Խաղերը, գրքույկներն ու մրցույթի հաղթողների պատմվածքները հասանելի են armsciweek.am կայքում։
Գիտության շաբաթվա աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Տեխնոլոգիական գործընկերն է Team Telecom Armenia-ն, գիտաինտելեկտուալ գործընկերը՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանը-ն։
Գործընկերներ՝ «Զանգակ» հրատարակչություն, Վուդս(Woods) Կենտրոն, ArmCon Contest, Այլկերպ, Սիվիլնեթ, Արմենպրեսս, ՀայՓոստ
Կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում գործընկերներին, մասնակցած կրթական հաստատություններին, մանկավարժներին և երիտասարդական կենտրոններին՝ գիտությունը հասանելի դարձնելու համատեղ աշխատանքի համար։
Ամբողջական ծրագիրը և բոլոր մանրամասները՝ armsciweek.am։
Մամուլի հաղորդագրություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: