Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը:
Ինքը Թաթան այդ օրով իր «համերգի ցուցադրումը Հ1-ով արդարացում չունեցող կոպիտ սխալ է» անվանել և ներողություն է խնդրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև տեղեկացրել է, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,-ասվում է գրառման մեջ:
44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը համերգ հեռարձակած Հանրային հեռուստաընկերության կապերի բաժնից հայտնել են, որ թեմայի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն չեն տալու և գրավոր հարցում են պահանջել պարզաբանելու համար, թե ինչու է օրվա եթերացանկում ներառվել «համերգ-ֆեստիվառը», հայտնում է Factor.am-ը:
Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին, երբ մարդկանց հոսքը չի դադարել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հայրենիքի համար զոհված տղաների հիշատակը հարգելու նպատակով, մեծ լսարան ունեցող Հանրայինի գլխավոր՝ «Առաջին ալիքը», տոնական տրամադրություն ստեղծող համերգ է հեռարձակել։
Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում «Առաջին ալիքի» եթերացանկը պատերազմի մեկնարկի տարելիցին ընդհանրապես չի անդրադարձել։ Հանրային հեռուստաընկերությունն օրը սկսել է դասական համերգով, ապա ցուցադրել է ժամանցային «Առավոտ լուսո» հաղորդումը, մարդկանց և շենքերի մասին պատմող բովանդակություն, մուլտֆիլմ, արդեն հիշատակված «Ֆեստիվառ» համերգը, ինչպես նաև այլ ժամանցային հաղորդումներ։
Իսկ օրվա «Մեծ բանավեճը» նվիրված է եղել վարչապետի աշխատակազմի կողմից Կաթողիկոսին և Եկեղեցուն առնչվող զեկույցի թեմային։
Հանրայինի լրատվական ալիքն ամբողջ օրվա ընթացքում ընդամենը մեկ լուր է հրապարակել այն մասին, որ այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է։ «Եռաբլուր» կատարված այցելությունների վերաբերյալ ևս որևէ հրապարակում չի եղել։
Սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարին: 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևըհամատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։