«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է»,- այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա ձեւակերպմամբ՝ ուժեղ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդ՝ կառավարչի հմտություններով, բայց մեծ փորձով:

«Մեր առաջնորդըը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում: Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել, թե որտեղից է եկել: Նա ունի լավագույն միջազգային կապերը Հայաստանի համար եւ դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի: Նա դա ապացուցել է գործով եւ ոչ թե խոսքով:

Նա աջակցել է հիվանդանոցների, կրթական հաստատությունների, մանկապարտեզների կառուցման, մշակույթի զարգացման, աշխատատեղերի ստեղծման ծրագրերին եւ օգնել բազմաթիվ ընտանիքների: Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք՝ այլընտրանք տնտեսության մեջ, այլընտրանք անվտանգության մեջ, այլընտրանք՝ ուժեղ խաղաղության համար, այլընտրանք հայ ժողովրդի հույսի համար»,-ասաց Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով, Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ, այդ հոդվածը փոփոխվում է ԱԺ պատգամավորների քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը տեսանյութով պարզաբանեց, որ սահմանադրական փոփոխությունների երեք ռեժիմ գոյություն ունի` կան հոդվածներ, որոնք փոփոխման ենթակա չեն, կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել հանրաքվեի միջոցով, եւ կան հոդվածներ, որոնք կարող են փոխվել ԱԺ-ի միջոցով։

«Սահմանադրության 148–րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Այս հոդվածն անփոփոխելի հոդված չէ, դրա համար հանրաքվե չի պահանջվում, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են` ուղղակի ԱԺ–ի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում»,- նշեց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով` փոփոխությունների այս նախագիծը դրվում է ԱԺ քվեարկության, եւ այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի ձայները։

Մանրամասն՝ տեսանյութում.

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment