ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հինգ տարի առաջ այս օրը էլի կիրակի էր, էլի արևոտ օր, բայց արև նկատելու սիրտ ու ժամանակ չկար. պատերազմ էր։ 

Փոխվեց ամեն ինչ, և այսօր, 2026-ի սեպտեմբերի 27-ին, մենք հետահայաց շատ բան ենք նկատում։ Այդ թվում՝ այն, որ եթե դիտարկենք անցնող շաբաթվա ամեն օրը, կառնչվենք Հայաստանի պատմության, թերևս, ամենահակասական շաբաթվան։ 

Սեպտեմբերի 21-ից սկսվող շաբաթվա մեջ խտացած են մեր ամենաբարձր թռիչքներն ու ամենախորը անկումները։ Անկախության հանրաքվեից մինչև Արցախյան 44-օրյա պատերազմ, Արցախի դեմ վերջին ագրեսիայից մինչև հայաթափում։ Այս անգամ փորձելու ենք բացել նորանկախ Հայաստանի սեպտեմբերյան իրադարձությունների շերտերը։

***

Անցնող շաբաթվա ընթացքում նշված առաջին պատմական իրադարձությունը Հանրապետության անկախության 35-ամյակն էր, ամենաքննարկվողը՝ դրա նշման ձևն ու բովանդակությունը։

Հանրապետության ծննդյան օրն անվիճարկելի ու խմբագրման չենթարկվող տոն է, որը նշվեց մի քանի օր, մի քանի մարզում ու մեծ շուքով։ Զուգահեռ, սակայն, քննարկումներ էին. 1991-ի հաջողությունը փաստ է, բայց փաստ է նաև այն, որ 2023-ի նույն օրերին հայ ժողովուրդը ողբերգություն էր ապրում։

Զինված հարձակումն 9 ամիս մարմնի ուժերն ու նյարդերի ամրությունը շրջափակման մեջ մաշած արցախահայության դեմ էր, որը ստիպված էր պայքարել՝ առանց Հայաստանից նրանց միանալ ցանկացող մարդկանց օգնության։ 

Սեպտեմբերի 19-ին մեկնարկած մարտերը տևեցին 24 ժամ, որից հետո հաղորդվեց արցախյան կողմի առնվազն 200 զոհի և ավելի քան 400 վիրավորի մասին։ Զոհերի թվում կային նաև քաղաքացիական անձինք ու երեխաներ։

Սա օրացուցային հաջորդականությամբ սեպտեմբերի վերջին շաբաթվա պատմական հաջորդ շերտի մեկնարկն էր։ Շարունակությունը եղավ հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Արցախի Հանրապետության լուծարման մասին հրաման։ Ավելի ուշ պարզաբանեց, որ դա իրավիճակը մեղմելու նպատակով արված ֆեյսբուքյան հրապարակում էր, ոչ թե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ։ 

Թղթով, թե առանց դրա՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։

***

Արցախից դուրս եկող մեքենաների կադրերը, որոնց իրական լինելուն հավատալուն ամեն կերպ հակառակվում էր մեր մեջ ապրող լավատեսը, արվել են սեպտեմբերի 24-ին։ Պատմական այս նոր շերտը, թերևս, ամենադրամատիկն էր. մի բան է՝ պայքարել հանուն հայրենիքի, մեկ այլ բան՝ հեռանալ բնօրրանից։ Եվ ցավը, որ, թվում էր, խորանալու տեղ էլ չունի, պայթեց նոր ուժով՝ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունով։

***

«Մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը կվերադառնա և, իհարկե, մենք դրա համար պատրաստվում ենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Պետք է ստեղծել անվտանգության կոնկրետ մեխանիզմներ ու երաշխիքներ, պետք է կազմակերպել դա։ Սա պետք է դառնա առաջնահերթություն բանակցային գործընթացներում»։

2020 թվականի նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը չկարգավորված հարց է, արցախահայության անվտանգությունն ու ինքնորոշումը՝ բանակցային հարց, վերադարձը՝ անհրաժեշտ ու իրագործելի նպատակ։

Բայց վերոթվարկյալ իրադարձությունների պես արագ փոխվեց բառամթերքը, որով խոսվում էր այդ իրադարձությունների մասին։

2022-ի հունիսին արդեն Փաշինյանը բացատրում էր՝ Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ Լեռնային Ղարաբաղը չէր կարող ստանալ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ՝ առանց Ադրբեջանի համաձայնության։ 

2023-ի ապրիլին հայտարարեց՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դեկտեմբերին արդեն ուղիղ ասաց, որ վերադարձի իրավունքը կարելի է քննարկել, բայց դա երկկողմանի վտանգավոր է։

«Ադրբեջանն ասում է՝ ուզում եք ԼՂ-ի հայության վերադարձ, խնդիր չկա, եկեք ՀՀ-ից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք  խաղաղության պայմանագրում։ Մենք ի՞նչ տրամաբանությամբ ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում, գնանք նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում՝ գնալու խաղաղության»,- հայտարարում էր Փաշինյանը։

***

«Հասարակական սեկտորում վերադարձի խնդիրը պահելը ճիշտ է, իհարկե, բայց միայն խոսելը քիչ է։ Մենք պետք է մեր պահանջները դնենք, թե որ դեպքում մենք կարող ենք վերադառնալ։ Այսինքն` եթե մենք պիտի նորից վերադառնանք Ադրբեջանի լծի տակ, ապա ինչու՞ են արցախցիները 2023 թվականին զանգվածաբար դուրս եկել, կմնային և կապրեին Ադրբեջանում»,- ասում է արցախցի Մարգարիտա Քարամյանը։ 

Պետական քաղաքականությունը 2025-ի օգոստոսից արդեն կոնկրետ ձևակերպում ունի. հայտարարվեց, որ վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը վտանգավոր է և կարող է վնասել հաստատված խաղաղությանը։ Պետությունը որոշեց այս թեմայով լռություն պահպանել, արցախցիները շարունակեցին պնդել՝ պետք է վերադառնանք։ Ինչպե՞ս և ո՞ւր. սա է այն հարցը, որ վերադարձի նրանց ցանկությունն այս պահի իրավիճակում փակուղի է հասցնում։ 

«Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։ 

Այս մոտեցումը Մարգարիտա Քարամյանը համարում է մերժելի, իսկ համոզմունքը մնում է անփոփոխ՝ Հայաստանը դավաճանել է Արցախին. «Խնդիրն այսօր չի ծագել։ Սկսեց 1991 թվականից, երբ անկախություն հռչակեցին Հայաստանում, բայց Արցախի բնակչությունը և Շահումյանի շրջանի բնակչությունը չմասնակցեցին այդ հանրաքվեին։ Հայաստանը հենց 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ արդեն լքել, դավաճանել է Արցախին և միացման գաղափարին ընդհանրապես։ Սա է բերել նրան, որ Ադրբեջանը միջազգային ասպարեզում ապացուցել էր (իրեն թվում է, որ ապացուցել է), որ Արցախն ադրբեջանական հող է, և ինքն իրավունք ունի պատերազմով վերցնել»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ չի կարելի դադարեցնել վերադարձի մասին խոսակցությունները, միաժամանակ, նշում՝ վերադառնալ կարելի է միայն հայկական Արցախ։ Տարընթերցում չի թողնում պնդումը, որ Ադրբեջանը դժվար թե որոշի Հայաստանին Արցախ նվիրել։ Ուրեմն արցախցիների ցանկությունն ի կատար ածելու միակ ճանապարհն անցնում է պատերազմով։

– Ոչ մի պատերազմի էլ չի բերել, չէր կարող բերել, եթե 2020 թվականից հետո միանգամից Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացներ այն վայրագությունները, այն ամենը, ինչ կատարվել էր Ադրբեջանի և Ռուսաստանի հետ միասին։
– Իսկ հիմա՝ 2026 թվականին, ի՞նչ է հնարավոր։
– 2026 թվականին ոչ մի բան հնարավոր չէ, որովհետև այնքան են խորացրել այս հնազանդության ճգնաժամը, որ ամեն ինչում պետք է մենք հնազանդվենք, որպեսզի պատերազմ չլինի։ Բայց հենց այս հնազանդությունն է բերելու պատերազմի, հասկանո՞ւմ եք։ 

Խոսել-չխոսելը պատերազմի չի հանգեցնի՝ վստահ է Մարգարիտա Քարամյանը։ Իսկ ինչի՞ կհանգեցնի՝ հարց ենք ուղղում։

«Քանի հայ ազգի մեջ այսպես պառակտում է մտցնում, մենք ամբողջությամբ պառակտված ենք․․․ խոսել ինչ-որ վերադարձի մասին կամ ինչ-որ խնդիրների լուծման մասին, ընդհանրապես անիմաստ է։ Գիտեք՝ այն, ինչ հիմա կատարվում է մեր ազգի մեջ, միայն մենք չէ, որ չենք հասկանում․ աշխարհն էլ չի հասկանում, մեզանից գլուխ չեն հանում։ Ամսի 19-ին ազգի կեսը Եռաբլուր էր գնացել լուռ, այն մյուս մասը փառատոններ էր անում։ Մենք նույնիսկ չենք կարողանում լռության րոպե կազմակերպել, այնքան ենք արդեն պառակտվել»,- ասում է նա։

Ու թեև հնչում է «վերադարձի մասին խոսելն անիմաստ է» դիրքորոշումը, համոզմունքները շարունակում են հստակ մնալ։

– Բոլորն էլ պետք է խոսեն։ Իշխանությունները՝ առաջին հերթին։
– Իշխանությունը սկզբունքային հակադրություն ունի դրա հետ։
-Դե, եթե հակադրություն ունի, ուրեմն մենք պետք է աշխատենք այնքան, մինչև այս իշխանությունը փոխվի և լինի ուրիշ իշխանություն, որի պարագայում այս խնդիրները կբարձրացվեն պետական, կառավարական մակարդակով։ 

***

Եթե սեպտեմբերի 21-ից 27-ն առանձնացնենք Հայաստանի նորագույն պատմությունից, կստանանք մի շատ խոսուն ժամանակագրություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով որոշեց դառնալ անկախ պետություն։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի վերջին օրերին Հայաստանն արդեն ընդունում էր տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ստիպված էին լքել Արցախը։ Միևնույն շաբաթը տարբեր տարիներին դարձավ անկախության, պատերազմի և տեղահանության խորհրդանիշ։

Բայց այս պատմության ամենակարևոր փոփոխությունը, գուցե, ոչ թե իրադարձությունների, այլ դրանց մասին Հայաստանի պետական խոսույթի փոփոխությունն է։ Այսպիսով, սեպտեմբերի վերջին շաբաթը մեզ պատմում է ոչ միայն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև այն մասին, թե ինչպես է ընդամենը մի քանի տարվա ընթացքում փոխվել այն լեզուն, որով Հայաստանը խոսում է իր կորստի, անվտանգության և ապագայի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արուսյակ Կապուկչյան

 

Leave a comment