Շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան

Բաժանորդագրվել

ՀԷՑ–ի համապատասխան ստորաբաժանումներում վաղը կսկսվի նաև ծառայողական քննություն։

Երևանի շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկված է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի արդյունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հիմնականում հոսանքազրկվել է Կենտրոն վարչական շրջանը, բայց ժամերի ընթացքում բոլորի էլեկտրամատակարարումը կվերականգնվի` միացումները կտրվի այլ սնուցման աղբյուրներից»,– նշեց նա։

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց նաև, որ ՀԷՑ–ի համապատասխան ստորաբաժանումներում կսկսվի նաև ծառայողական քննություն` բոլոր գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար։

«Հրդեհը մարելուց հետո ենթակայանում փորձաքննություն կիրականացնենք, եթե պիտանի կլինի հետագա շահագործման, ապա վերակառուցում կանենք։ Եթե պիտանի չլինի, այս հզորության ենթակայան այս տարածքում կկառուցենք»,-նշեց Պետրոսյանն ու հավելեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Մոնթե Մելքոնյան մայրուղու շրջակայքում հողատարածք ձեռք բերվի՝ բարձր լարման խոշոր՝ ժամանակակից ենթակայան կառուցելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում։ ՀԷՑ–ից էլ հայտնել էին, որ «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում բռնկված հրդեհի առիթով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին։

Leave a comment