Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում ընթացող բանակցություններում ԱՄՆ-ն և Ռուսաստանի Դաշնությունը համատեղ հանդես են եկել արհեստական բանականությամբ (ԱԲ) կառավարվող ինքնավար սպառազինությունների նկատմամբ վերահսկողության մեղմացման օգտին։ Ինչպես հայտնում է ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով Washington Post-ի հրապարակումը, Շվեյցարիայում ՄԱԿ-ի հովանու ներքո սեպտեմբերին անցկացված քննարկումների վերջին օրը երկու տերությունները միավորել են ջանքերը և կարողացել են էապես թուլացնել քննարկվող անվտանգության միջոցառումները։
Ամերիկացի և ռուս դիվանագետները համատեղ վերամշակել են բանակցվող փաստաթուղթը՝ դրանից դուրս թողնելով ռազմական ոլորտում արհեստական բանականության կիրառմանը վերաբերող մի շարք առանցքային դրույթներ։ Մասնավորապես, տեքստից հանվել է այն պարտադիր պահանջը, ըստ որի՝ մարդիկ նախքան հարված հասցնելը պետք է ստուգեն ԱԲ համակարգերի կողմից նույնականացված թիրախները։ Բացի այդ, փաստաթղթից հեռացվել են նաև ԱԲ սպառազինությունների կիրառման ժամանակ էթիկական նկատառումները հաշվի առնելու վերաբերյալ բոլոր հղումները։
Washington Post-ի փոխանցմամբ՝ երբ նիստն անցել է դռնփակ ռեժիմի, Վաշինգտոնի և Մոսկվայի ներկայացուցիչները ներգրավել են իրավաբանների մեծ թիմեր՝ ցանկալի փոփոխություններն արագորեն առաջ մղելու համար։ Այլ երկրների փոքրաթիվ պատվիրակությունները պարզապես ապշած են եղել այն արագությունից, որով երկու գերտերությունները կատարել են այդ փոփոխությունները։