Մրցանակը, որը հարգանքի տուրք էր Ռաբբի Շնայերի բացառիկ ժառանգությանը, հանձնեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչը և «Appeal of Conscience» հիմնադրամի փոխնախագահը, հանձնեց Կյանքի վաստակի մրցանակը (Lifetime Achievement Award) Ռաբբի Արթուր Շնայերին՝ հիմնադրամի հիմնադիր և նախագահին, 61-րդ ամենամյա հանդիսավոր երեկոյի ընթացքում, որը տեղի ունեցավ Նյու Յորքի Pier Sixty սրահում, շուրջ 500 հարգարժան հյուրերի ներկայությամբ։

Մրցանակը, որը հարգանքի տուրք էր Ռաբբի Շնայերի բացառիկ ժառանգությանը՝ բարոյական առաջնորդության, միջկրոնական համերաշխության և մարդկային արժանապատվության անխոնջ պաշտպանության բնագավառներում, Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հանձնեց հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անունից։

Երեկոյի ընթացքում Appeal of Conscience Award մրցանակը շնորհվեց FedEx-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռաջ Սուբրամանիամին՝ ի գնահատումն նրա հեռատես առաջնորդության և նորարարական մոտեցումների, ինչպես նաև նվիրված ծառայության ու կորպորատիվ պատասխանատվության միջոցով ամբողջ աշխարհում մարդկանց, համայնքների և տնտեսությունների միջև կապեր ստեղծելու նրա շարունակական հանձնառության։

1965 թվականին Ռաբբի Արթուր Շնայերի կողմից հիմնադրված Appeal of Conscience Foundation-ը հեղինակավոր միջկրոնական կազմակերպություն է, որը միավորում է գործարար, կրոնական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների՝ ամբողջ աշխարհում խաղաղության, կրոնական ազատության և մարդու իրավունքների խթանմանը նվիրված գործունեության շուրջ։

Տարիների ընթացքում «Խղճի կոչ» մրցանակը շնորհվել է միջազգային հեղինակություն վայելող պետական և հասարակական գործիչների ու առաջնորդների, որոնց ծառայությունը նպաստել է խաղաղության, մարդկային արժանապատվության և համաշխարհային համագործակցության ամրապնդմանը։ Նախկին դափնեկիրների թվում են Հենրի Քիսինջերը, Մարիո Դրագին, Շինձո Աբեն, Լի Սյան Լունը, Ֆրանսուա Օլանդը, Դեյվիդ Քեմերոնը, Էնրիկե Պենյա Նիետոն, Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն և Սթիվեն Հարփերը։

Հանդիսավոր երեկոյին ներկա էին կրոնական, դիվանագիտական և հասարակական ոլորտների նշանավոր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վատիկանի Պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, Ամերիկայի Հունական Ուղղափառ Արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը և Ամերիկայի Հայ Եկեղեցու Արևելյան Թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։

Հիմնադրամի 61-րդ տարեկան հանդիսավոր երեկոն դարձավ նրա մշտական առաքելության վառ վկայությունը՝ խթանելու խաղաղությունը, պաշտպանելու կրոնի ազատությունը և ազգերի ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու խղճի վրա հիմնված կապերն ամրապնդելու ուղղությամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment