Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հերթական անգամ անդրադարձել է Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի ճակատագրին, համայնքների խոշորացմանը, մեռնող գյուղերին:
Aravot.am-ը Դավիթ Մաթևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ արձագանք ստացել է Ահնիձորի և դպրոցի ճակատագրի հետ կապված:
«Ես պարբերաբար նման եթերներ եմ անում և անելու եմ: Կարծում եմ՝ արձագանքը պետք է լինի քայլերը և ադեկվատ վերաբերմունքը այն ամենին, ինչ ասվում է: Ողջունելի է, որ հաջորդ օրը, իհարկե, նախընտրական ընտրապայքարի շրջանակում մարզպետը, ի թիվս Թումանյան համայնքի այլ գյուղերի, Ահնիձորում էլ եղավ: Եվ ըստ էության, իր ասածը և այն, ինչ մենք ենք ասում, էապես համընկնում են, և եթե իրենց կողմից իրենց նշած խնդիրների լուծման ճանապարհները իրոք փնտրվում են և իրոք մտահոգությունն այնպես է, ինչպես հնչել է, այդ ելքերը պետք է ձեռք ձեռքի փնտրել:
Դիմելով թե՛ իշխող կուսակցությանը, թե՛ համայնքի ընտրվող և վերընտրվող ղեկավարությանը, որոնց մեջ մտահոգ մարդիկ կան, այս հարցը պետք է լուծել՝ թե դպրոցների փակման անիմաստ որոշումը, որը ուղղակի զուտ պրոպագանդիստական քայլ է եղել և կարող է կործանարար հետևանքներ ունենալ, թե ընդհանրապես գյուղերի փոքրանալու, ոչնչանալու և Հայաստանի դեմոգրաֆիայի խնդիրը, որն անկյունաքարային է այսօրվա Հայաստանում. Ահնիձորը, Աթանը, Լոռուտը, Շաղուտը, ցանկացած գյուղ Թումանյան համայնքում, նույնիսկ մարդաշատ համարվող Մարցը և Դսեղը ի վերջո դատարկվող, մեռնող գյուղեր են, որովհետև ունեն աշխատանքի խնդիր: Այս խնդիրները պետք է լուծել՝ տեղացիների մտահոգությունները քննարկելով եւ ոչ թե հայտարարություններ անելով, շքեղ գաղափարներից խոսելով, թե իբր դպրոցներ ենք կառուցում, որտեղ լողավազաններ պետք է լինեն և բասկետբոլի դահլիճներ»:
Հարցրինք՝ իր կարծիքով առաջնահերթ ինչ քայլեր պետք է իրականացվեն, օրինակ՝ հենց այսօրվանից սկսած:
«Գյուղն ակնհայտորեն ունի մշակութային, զբոսաշրջային, բնապահպանական քաղաքականության իրականացման առաջնահերթություն: Որպեսզի Ահնիձորում և Թումանյան համայնքում զբոսաշրջային առաջնահերթությունն ի ցույց դրվի, այնտեղ, իմ տրամաբանությամբ և բնապահպանական ոլորտում իմ ոչ քիչ գիտելիքների հանգույն, ակնհայտ է, որ մի քանի գյուղեր մի մեծ շրջանի մեջ ընդգրկելով՝ պետք է պահպանվող գոտի ստեղծել: Ահնիձորը, Թումանյան համայնքն առհասարակ և մնացած համայնքները եզակի վայր են, որտեղ վայրի բնության, կենդանիների ու բուսական աշխարհի բացառիկ տեսակներ են բնակվում և աճում:
Իսկ մշակութային քաղաքականության և մշակութային զբոսաշրջության առումով պետք է ասեմ, որ կառավարությունը մի կես քայլ արել է՝ Մաթևոսյանների ծնողների տունը նորահայտ հուշարձան հռչակելով, բայց մենք այնտեղ ունենք տուն-թանգարան ստեղծելու գաղափար, որը լիովին շեշտող և առանձնացնող է գրավչության իմաստով այդ վայրը՝ իբրև յուրօրինակ մշակութային խայծ:
Մաթևոսյանի տուն անընդհատ հայտ կա ուխտագնացություն ունենալու, փառատոներ եւ այլ միջոցառումներ կազմակերպելու: Սակայն այդ ամենն անտեսվում է, որովհետև մեզանից և Մաթևոսյանի ջատագովներից բացի՝ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ այս երկու՝ տուն-թանգարանի և հատուկ պահպանվող բնական գոտու հարցը, առաջնահերթություն կլինեն և կքննարկվեն թե՛ մարզպետի, թե՛ կառավարության հետ, եթե իրենք ողջամտություն ցուցաբերեն: Ի վերջո, Թումանյանն ու Մաթևոսյանը բրենդներ են:
Ցավոք, մենք հիմա այդ գյուղերի մահն ենք տեսնում և առավել նպաստում ենք դրան՝ անհեթեթ ծրագրեր իրականացնելով և վատնելով պետական միջոցները, որոնք կարող էին հրաշքներ գործել, եթե մտածված և ռացիոնալ քայլեր իրականացվեին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: